14 հուլիսի 2006 - 14:40 AMT
Բաքուն բարձր է գնահատում Ժակ Շիրակի ջանքերը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ֆրանսիացի գործընկեր Ժակ Շիրակին Բաստիլիայի գրավման օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել, որում, մասնավորապես, բարձր է գնահատել Ֆրանսիայի եւ նրա նախագահի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի գործնեությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ անձամբ Ձեր գործնեությունը, պարոն Նախագահ, մեզ համար ամենաբարդ խնդրի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հուսով եմ, որ Դուք հետագայում եւս հաստատակամորեն կշարունակեք Ձեր ջանքերը հակամարտության կարգավորման հարցում»,- ասվում է ուղերձում:

Ժ. Շիրակին հղված Ադրբեջանի նախագահի նամակում նաեւ ասվում է. «Այսօր, ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները բազմակողմանի զարգացում են ստացել: Մեր բազմակողմանի շփումները, արդյունավետ համագործակցությունը մի շարք բնագավառներում, այս հարբերությունների բնական դրսեւորումներն են հանդիսանում: Համոզված եմ, որ Ձեր բարեկամական երկիր վերջերս կատարած իմ այցելությունը, մեր հանդիպումը Ձեզ հետ, մտքերի փոխանակությունը նոր ազդակ կհանդիսանան բոլոր մակարդակներում հարաբերությունների հետագա ընդլայնման համար», հայտնում է Day.az-ը: