Ուորլիք. Անկախ ամեն ինչից ԱՄՆ-ն կշարունակի գործակցել ՌԴ հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

Ուորլիք. Անկախ ամեն ինչից ԱՄՆ-ն կշարունակի գործակցել ՌԴ հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

PanARMENIAN.Net - Չնայած Մոսկվայի հետ տարաձայնություններին, ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նշել է, որ Մինսկի խումբը կարգավորման մի ձևաչափ է, որն ընդունելի է բոլոր կողմերի համար, ուստի աշխատանքն այդ ձևաչափով կշարունակվի, անկախ Արևմուտքի և Մոսկվայի միջև տարաձայնություններից: Ամերիկացի համանախագահը նշել է, որ ՄԽ-ն շարունակում է լինել ռուս-ամերիկյան գործակցության ոլորտ:

Նշելով, որ համանախագահները հանդիպում են և սերտորեն գործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Ուորլիքը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կշարունակվի: «Մենք, բնականաբար, ձգտում ենք կարգավորել տասնամյակներ տևող հակամարտությունը»,-եզրակացրել է Ուորլիքը, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նշելով, որ Գերմանիան խորապես մտահոգված է վերջին շրջանում կանոնավոր դարձած հրադադարի ռեժիմի խախտումներով ղարաբաղյան հակամարտության գոտում,

«Գերմանիան կշարունակի գործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ և ընթացիկ տարում, երբ վերջինս նախագահելու է ԵԱՀԿ-ում: Որպես ՄԽ անդամ Գերմանիան հետևողականորեն սատարում է համանախագահների ջանքերին: Մենք լիովին հավատարիմ ենք հակամարտության կարգավորմանը տարածքային ամբողջականության, վիճահարույց հարցերի խաղաղ հանգուցալուծման և ինքնորոշման սկզբունքների հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Գերմանիայի ԱԳՆ-ն շեշտում է, որ Բեռլինն այս պահին այլընտրանք չի տեսնում «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, որին սատարում են նաև հակամարտության կողմերը: Միևնույն ժամանակ, սատարելու համար ՄԽ ջանքերին Եվրամիությունը պետք է առավել արդյունավետ ներգրավվածություն ունենա այս հարցում: Օրինակ, ԵՄ-ն վստահություն առաջացնող միջոցների օգնությամբ կարող է մասնակցել կարգավորման գործընթացին», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Մտահոգություն հայտնելով շփման գծում վերջին սրացումների վերաբերյալ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն նշում է. «Մենք կոչ ենք անում կողմերին վերլուծել դիտարկումների մեխանիզմի խախտումները: Մինսկի գործընթացի շարունակման հիմնական պայմաններից է հրադադարի ռեժիմն ու նրա պահպանումը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---