ՀՀ-ն սերտացնում է հարաբերությունները Եթովպիայի, Նորվեգիայի և Եգիպտոսի հետ. Նալբանդյանի մյունխենյան այցը

ՀՀ-ն սերտացնում է հարաբերությունները Եթովպիայի, Նորվեգիայի և Եգիպտոսի հետ. Նալբանդյանի մյունխենյան այցը

PanARMENIAN.Net - Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի և Եթովպիայի պատմական, կրոնական և մշակութային առնչությունները լավ հիմք են միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Այս համատեքստում նախարարները քննարկել են երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները և այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։

Հայաստանի և Եթովպիայի արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության զարգացումը, միջխորհրդարանական կապերի հաստատումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, տնտեսական գործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները։ Արտգործնախարարներն անդրադարձել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի։

Հայ-եթովպական հարաբերությունների մասին առաջին հիշատակություններ դեռ Մովսես Խորենացու վկայություններում կան: Սերտացել են այդ կապերը, երբ Հայ, Եթովպական, Ասորի և Ղպտի եկեղեցիները միասին մերժել են ընդունել 451-ի Քաղկեդոնի Տիեզերական ժողովի հանգանակը, ինչը հետագայում կարևոր դեր է խաղացել հայ-եթովպական հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ շատ հայեր Սիրիայից, Պաղեստինից, Եգիպտոսից գաղթել են Եթովպիա և հաստատվել ներկայիս Դեսիե քաղաքի մոտ` կառուցելով Սբ Ստեփանոս վանքը: Այստեղ ժամանակի ընթացքում մեծ թվով հայեր են կենտրոնացել: 1956-ին Եթովպիայում բնակվել են մոտ 940 հայ, որոնք զգալի ազդեցություն են ունեցել երկրի առևտրաարդյունաբերական կյանքում: 1973-ի հեղափոխությունից հետո ազգայնացման գործընթացի հետևանքով հայերի մեծ մասը հեռացել է երկրից:

ՀՀ և Եթովպիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993-ի դեկտեմբերի 2-ին:

Ավելի ուշ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր նորվեգացի գործընկերոջը՝ Բորգե Բրենդեին, ում հետ գոհունակություն են հայտնել` երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի կապակցությամբ, և պայմանավորվել հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել զարգացման համար։

Նախարարները մտքեր են փոխանակել հրատապ միջազգային խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան զարգացումների, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։

Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր։ Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը պատմել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերի մասին՝ ներկայացնելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Նորվեգիայի և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունիսի 5-ին:2013-ի մայիսի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլդ Ատլե Նամտվեդտը (նստավայրը՝ Մոսկվա):2012-ի մարտի 12-ին Հրաչյա Աղաջանյանը նշանակվել է Նորվեգիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)։

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիին։ Զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության սերտացումը:

Եգիպտոսի արտգործնախարարը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը և ներդրումը՝ իր երկրի զարգացման և բարգավաճման գործում։

Սամեհ Շուկրին ներկայացրել է Եգիպտոսի իշխանությունների՝ երկրում կայունության ապահովմանն ուղղված ջանքերը, իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության քայլերի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սամեհ Շուկրիին հրավիրել է այցելել Հայաստան։

Հայաստանի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ի մարտին: ՀՀ-ն Կահիրեում դեսպանություն է բացել 1992-ի սեպտեմբերին, իսկ 1993-ի ապրիլից Երևանում գործում է Եգիպտոսի դեսպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---