Մինսկի խումբը Վիեննայում կներկայացնի ԵԱՀԿ երկրներին ղարաբաղյան կարգավորման ընթացքը

Մինսկի խումբը Վիեննայում կներկայացնի ԵԱՀԿ երկրներին ղարաբաղյան կարգավորման ընթացքը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում են ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիային: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նշել է, որ Ֆինլանդիան կարևորում է առաջընթացը ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Բացի այդ, Ուորլիքը հայտնել է, որ միջնորդները մեկնել են Վիեննա, որտեղ ԵԱՀԿ անդամ երկրներին կներկայացնեն ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

«Դրան կհաջորդի կարևոր այցը տարածաշրջան՝ ղարաբաղյան կարգավորումը քննարկելու նպատակով»,-գրել է ամերիկացի դիվանագետը:

Ինչպես արդեն հայտնի է, համանախագահները Հայաստան կժամանեն փետրվարի 17-ին: Երևանում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Փետրվարի 15-ին կժամանեն Ադրբեջան տարածաշրջանային այցի շրջանակում և պաշտոնական հանդիպումներ կունենան Ադրբեջանի իշխանությունների հետ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների վերջին զարգացումների մասին:

«Մենք բոլորս համամիտ ենք, որ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը»,-գրել է նա: Իվիցա Դաչիչի հետ հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։

Նալբանդյանը նշել է, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին, Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հադես էին եկել հայտարարությամբ փետրվարի 5-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին:

Իր հայտարարության մեջ միջնորդները «տագնապով են նշել միջադեպերի քանակի աճը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում բնակելի թաղամասերում: «Մենք նաև քննարկել ենք նախարարի հետ նման միջադեպերի նվազեցմանն ուղղված միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում էր, որ կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն ուղղաթիռի խոցման միջադեպի կրկնությունը բացառելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---