Ադրբեջանում հիստերիա է Եվրատեսլիում հայաստանյան երգի պատճառով

Ադրբեջանում հիստերիա է Եվրատեսլիում հայաստանյան երգի պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանն այս տարի նորովի կներկայանա «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ:

Որոշվել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին:

Խմբում ծագումով հայ 5 երգիչ `, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկի հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:

Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: Երգի վերնագիրն է՝ Don’t deny(«Մի՛ ժխտիր»):

Գրեթե բոլոր թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանի սպասվելիք ելույթին «Եվրատեսիլ-2015»-ում, գրում է «Նոյան տապան» թերթը:

Hurriyet-ը գրել է, որ Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնեն 1915-ից հետո աշխարհով մեկ սփռված հայերի սերունդները: «Բեմում մեկական ներկայացուցիչ կլինի յուրաքանչյուր մայրցամաքից և նրանք կերգեն «Մի ժխտիր» երգը»,-գրում է թերթը:

Haberler-ն իր հերթին հայտնում է, որ վեց հայի ելույթի խորհրդանիշը լինելու է անմոռուկը՝ խորհրդանշելով աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերին:

Թուրքական Internethaber կայքը նշում է, որ Հայաստանը կներկայացնի Genealogy թիմը: 5kitahaber կայքը պնդում է, թե Հայաստանը Ցեղասպանության հարցը փոխադրում է Եվրատեսիլի հարթակ, իսկ T24.com-ը գրում է, որ հայերը Եվրատեսիլի բեմից ասելու են՝ «Մի ժխտիր»:

Իսկ Ադրբեջանում Հայաստանի երգն իսկական հիստերիա է առաջացրել: Այդպես, Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, թե «Եվրատեսիլը երգի մրցույթ է, մրցույթ, որը բարի նպատակներ է հետապնդում, և չի կարող զոհաբերվել որևէ երկրի քաղաքական նկրտումներին և վերածվել քաղաքական հարթակի»,-գրում է Թրենդը:

Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա «Հանրային հեռուստատեսությունը համարժեք ելույթ կունենա մրցույթում», սպառնում են Բաքվում:

Մինչդեռ, Եվրատեսիլի կազմակերպչական հարցերի գծով ղեկավար Սիթսե Բաքքերը հայտարարել է, որ դեռևս վաղ է եզրակացություններ անելը: «Եկեք սպասենք երգի վերջնական վարկածին, դրանից հետո կկարողանանք գնահատել երգի համապատասխանությունը կանոններին», հայտնում է Report.az-ը:

Առաջին անգամ Հայաստանը մասնակցել է «Եվրատեսիլին» 2006-ին Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը, և դրանով իսկ ազդարարեց ՀՀ-ի հաջող մեկնարկը:2012-ին մեր երկիրը չմասնակցեց Բաքվում կայացած մրցույթին:

Հայաստանը 2013-ին մրցույթում ներկայացրեց Dorians խումբը, որը զբաղեցրեց 18-րդ տեղը: «Lonely Planet» երգի հեղինակն էր Թոնի Այոմին Black Sabbath-ից:

2014-ի մասնակից Արամ MP3-ին զբաղեցրեց 4-րդ տեղը 174 միավորով:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956 թվականից սկսած:

Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության մեկական ներկայացուցիչ այն երկրներից, որոնք մասնակցության հայտ են ներկայացնում: Փառատոնն անցնում է ուղիղ եթերով: Յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն: Ելույթից հետո հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության միջոցով:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-23-ը: Մրցույթին մասնակցում է 40 երկիր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---