Ուրուգվայում Հայոց ցեղասպանությունը «հատուկ հետաքրքրության» թեմա է հայտարարվել

Ուրուգվայում Հայոց ցեղասպանությունը «հատուկ հետաքրքրության» թեմա է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության Կենտրոնական խորհուրդը «հատուկ հետաքրքրության թեմա է հայտարարել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Օսմանյան կայսրության ձեռամբ իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը լրանում է ապրիլի 24-ին», հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Ինչպես տեղեկանում ենք Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության պաշտոնական կայքից, որուշումն ընդունվել է 2015-ի փետրվարի 3-ին` թիվ 2 օրենքի թիվ 1 բանաձևով` Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնաժողովի ներկայացրած միջնորդության համաձայն, որը պահանջում է հատուկ հետաքրքրության թեմա հռչակել և ներառել այն 2015 թվականի ուսումնական ծրագրում:

Բացի այդ, Կենտրոնական խորհուրդը գնահատել է հարավամերիկյան խոշորագույն ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա) խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը, որն ընդունվել է 2007-ի նոյեմբերի 17-ին:

1986 թվականին ստեղծված ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը և Վենեսուելան, ասոցացված անդամներ են Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը և Պերուն:

Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնաժողովի ներկայացրած միջնորդության մեջ ասվում է հետևյալը. «Հայոց ցեղասպանությունն սկսվեց 1,5-2 մլն հայի բռնի տեղահանմամբ, որը ծրագրել էր երիտթուրքերի կառավարությունը և իրականացրել 1915-1923 թվականներին: Կոտորածներն ու տեղահանությունը բնութագրվում են անասելի դաժանությամբ, որին զոհ գնացին բազում հայեր: Կոտորածների ենթարկվեցին նաև այլ էթնիկ խմբեր` պոնտացի հույներ, ասորիներ, սերբեր:

Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամսաթիվն է ապրիլի 24-ը, երբ 1915-ին ձերբակալեցին հայ համայնքի 235 անդամի, որոնց թիվն այնուհետև հասավ 600-ի:

Թեև Թուրքիան, որը Օսմանյան կայրության իրավահաջորդն է, չի ժխտում կոտորածների փաստը, չի էլ ընդունում, որ դրանք կատարվել են կառավարության կողմից նախապես որոշված ծրագրով, այլ զանգվածային կոտորածները ներկայացնում է որպես Առաջին աշխարհամարտի տարիներին հակամարտությունների ու սովի հետևանք: Մինչ այժմ Ցեղասպանությունն ընդունել է 22 երկիր»:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն ամբողջ աշխարհում: Հոկտեմբերի սկզբին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է 2015-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելու մասին քաղաքապետարանի ուղերձը:

Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները:

Ազգային կրթության գերատեսչության հետ գործակցությամբ պետք է կազմակերպվեն ուսումնադաստիարակչական աշխատանքներ՝ Փարիզի հանրակրթական հաստատություններում, Հայոց ցղասպանության, Ցեղասպանությունից մազապուրծ հայ համայնքի պատմության մասին, որպեսզի խրախուսվի Փարիզի և հատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը:

2015-ի ապրիլի 24-ի կղողանջեն Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---