Արցախի վերածննդի օրն է. 27 տարի առաջ հիմնովին փոխվեց հայ ժողովրդի պատմության ընթացքը

Արցախի վերածննդի օրն է. 27 տարի առաջ հիմնովին փոխվեց հայ ժողովրդի պատմության ընթացքը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: «Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ կարևոր պետական տոնի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:

27 տարի առաջ` այս օրը, հիմնովին փոխվեց մեր ողջ ժողովրդի պատմության ընթացքը և սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը նշանավորվեց հայոց անկախ պետականության վերածննդով: Դարեր շարունակ առանց պետականության գոյատևած և այդ իսկ պատճառով բազում փորձությունների ենթարկված հայությունն ի վերջո կարողացավ մեկտեղել բոլոր ուժերը և ոտքի ելնել` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները: Դա համազգային հզոր պոռթկում էր, որը հասունացել էր հարյուրամյակների ընթացքում և որի դեմն առնել այլևս անհնարին էր:

Մեկ գաղափար, մեկ մարմին, մեկ բռունցք. պատմական 1988-ին հայն այդպես ներկայացավ աշխարհին: Եվ այդ կուռ ու անսասան միասնությունն ու համախմբվածությունն էր, որ հաղթանակներ բերեց մեր ժողովրդին` դարեր ի վեր երազած հաղթանակներ:

Այսօր մենք բոլորս` յուրաքանչյուր հայ, պարտավոր ենք ամեն ինչ անել մեր հերոս նահատակների սուրբ արյան գնով ձեռք բերված հաղթանակներն օր օրի ամրապնդելու համար: Նման պատմական հնարավորություն է տրվել մեր սերնդին, և մենք պետք է ըստ ամենայնի օգտագործենք այն ու հասնենք մեր վերջնական նպատակին` միասին, ուս ուսի կառուցելով ուժեղ, զարգացած և հավերժ ծաղկող Հայրենիք, որը մեկն է բոլոր հայերի համար:

Թանկագի՛ն արցախցիներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ` ի բարօրություն հերոսական Արցախի և մեր ժողովրդի»,-ասված է ուղերձում:

1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988 թվականից Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---