Fitch. Տնտեսական աճի դանդաղումը ՌԴ-ում լրջորեն կազդի Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա

Fitch. Տնտեսական աճի դանդաղումը ՌԴ-ում լրջորեն կազդի Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը զգալի բացասական ազդեցություն է թողնում ԱՊՀ երկրների վրա, ասվում է միջազգային վարկանիշային Fitch գործակալության հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կտրուկ դանդաղումը շոշափելի ցնցում է ԱՊՀ երկրների տնտեսությունների համար, սակայն այդ երկների վարկունակությունը զգալիորեն տարբերվում է»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Իրավիճակը Ռուսաստանի տնտեսության մեջ անմիջական ազդեցություն է թողնում ԱՊՀ երկրների վրա, որի հետ վերջիններս ունեն սերտ կապեր առևտրի, դրամական փոխանցումների ու ներդրումային հոսքերի ոլորտներում, պարզաբանում են վերլուծաբանները: «Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը ևս կարևոր գործոն հանդիսացավ տարածաշրջանի երկրների փոխարժեքի զգալի տատանումների համար»,-հայտնում է Fitch-ը: Ռուբլու արժեզրկման ազդեցությունը զգացին նաև Ղազախստանն ու Ադրբեջանը: «Մենք կարծում ենք, որ մեծ հավանականություն կա, որ Ղազախստանը նույնպես կարող է արժեզրկել ազգային արժույթը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը արտահանման հիմնական շուկան է Հայաստանից արտահանվող ապրանքների համար ու ուղիղ օտարերկրյա ներդրումների խոշորագույն աղբյուրը: Ռուսաստանից է ստացվում դրամական փոխանցումների գերակշիռ մասը: Ուստի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը Ռուսաստանում լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա, կարծում են վերլուծաբանները:

Ըստ գործակալության վերլուծաբանների, ՌԴ տնտեսական վիճակի ազդեցությունը ամենից քիչը կլինի Վրաստանի վրա: «Եվ Հայաստանը, և Վրաստանը ազգային արժույթի լողացող քաղաքականությունն են ընտրել՝ այդպիսով ապահովելով ամորտիզացիան ու պահպանելով արժութային ռեզերվները», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ հետ սերտ տնտեսական կապերի խարխլումը կտրուկ տնտեսական անկման պատճառ դարձավ Ուկրաինայում, գտնում են վերլուծաբանները: «Ուկրաինան Ռուսաստանի տնտեսության տատնումների ենթակա երկրորդ երկիրն է Fitch գործակալության վարկանիշում, նույնիսկ եթե հաշվի չառնենք հակամարտությունն ու առևտրային սահմանափակումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԼԲ-ն հայտարարեց, որ 2015 թվականի հունվարին երկրի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները, 2014 թ. հունվարի համեմատ, նվազել են 43.1 տոկոսով՝ կազմելով մոտ 1 37,2 մլն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմել է մոտ 68,4 տոկոս։

Հայաստանից Ռուսաստան դրաման միջոցների արտահոսքը հունվարին կազմել է 11,12 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,3 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 26 մլն դոլար` 2014 թ. հունվարի համեմատ նվազելով 52,6 տոկոսով:

ԿԲ տվյալներով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2014 թ. նվազել են 10,7 տոկոսով` մինչև 1,4 մլրդ դոլար։ Միաժամանակ սա 2009 թ. հետո ՌԴ–ից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների առաջին անկումն է։

Ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է տարեսկզբից ի վեր ռուբլու` ավելի քան 50 տոկոս արժեզրկմամբ։ Հայաստանում ռուբլու փոխարժեքը հունվարին կազմել է 7,41 դրամ` 2014 թ. հունվարին գրանցված 12,04 դրամի համեմատ։

Կենտրոնական բանկի տվյալներով` 2015 թ. հունվարին երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 54,2 մլն դոլար` 2014 թ. հունվարին նվազելով 34,8 տոկոսով։ Կարգավորիչի կանխատեսման համաձայն` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ. կկրճատվեն 30 տոկոսով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---