Սահմանամերձ 15 գյուղի ուսանողների ուսվարձը փոխհատուցվել է. Ծրագիրը շարունակական է

Սահմանամերձ 15 գյուղի ուսանողների ուսվարձը փոխհատուցվել է. Ծրագիրը շարունակական է

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Պառավաքար, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքներում բնակվող պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող մոտ 140 ուսանողի տվյալ կիսամյակի ուսման վարձն այսօր՝ մարտի 7-ին, փոխհատուցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, տեղեկացնում են մամուլի ծառայությունից:

Ծրագիրը Կառավարության և կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ է իրականացվում, իսկ ուսանողների ուսման վարձն այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում կազմել է մոտ 28 միլիոն դրամ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծել է, որ այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ.

«Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում բացառապես համայնքներից եկած առաջարկներով, ինչը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Մենք տարվա ընթացքում սահմանամերձ համայնքներում բազմաթիվ ծրագրեր ենք ունենում, սակայն մասշտաբներով սա աննախադեպ է»,- նշել է նա:

Ծրագիրը շարունակական է, և հետագայում Երիտասարդական հիմնադրամը կներգրավի նաև սահմանապահ այլ համայնքներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2014 սեպտեմբերից իր միջոցներով փոխհատուցում է նաև պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։

Սեպտեմբերին արդեն իսկ փոխհատուցում ստացել են 2 և ավելի երեխա ունեցող 8 ուսանողներ։ Եվս 9-ի ուսման վարձը կփոխհատուցվի 2-րդ կիսամյակի համար։ Այս նախաձեռնությամբ երիտասարդական հիմնադրամը փորձում է սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն, ինչու ոչ, նաև՝ ծնելիության աճին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---