«Հարյուրամյակն առանց ռեժիմի». «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթը Գյումրի չհասավ

«Հարյուրամյակն առանց ռեժիմի». «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթը Գյումրի չհասավ

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները մարտի 7-ի վաղ առավոտից 35 մեքենայով դեպի Գյումրի ավտոերթի էին դուրս եկել նույն կարգախոսներով ու ծրագրով՝«Հարյուրամյակն առանց ռեժիմի», սակայն տեղ չհասած որոշել են փոխել ուղղությունը: Պատճառն այն է, որ հնարավոր սադրանքների մասին տեղեկություն են ստացել, ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի քարտուղար Վարդան Հակոբյանը. «Մեզ տրամադրվեց ոստիկանության ուղեկցող մեքենա, ասացինք՝ դա բավարար չէ, պետք է ուղեկցող խումբ տրամադրեք»,- նշել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Սակայն ի վերջո, որոշվել է նույն միջոցառումն անցկացնել Գյումրիի մոտակա տարածքում: «Չենք բացառում, որ բերձորյան սցենարը կրկնվի»,- ավելի վաղ ասել էր Վարդան Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ իրենց չի թույլատրվել միջոցառում անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում, ընտրել են այլ վայր:

Հունվարի 31-ին Երևանից «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթ էին նախաձեռնվել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, սակայն Քաշաթաղի շրջանում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները բռնության էին ենթարկվել, մեքենաներն էլ վնասվել էին:

Դեկտեմբերի 31-ի երեկոյան ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.

«Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»:

Կարդացեք նաև՝Բերձորի դեպքով 10 ոստիկան կազատվի աշխատանքից, 25-ը՝ խիստ նկատողություն կստանա. Նոր ավտոերթը դեպի Գյումրի է

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---