Նեմցովի սպանության գործով 5 կովկասցի է ձերբակալվել. Նրանցից մեկն արդեն ճանաչել է մեղքը

Նեմցովի սպանության գործով 5 կովկասցի է ձերբակալվել. Նրանցից մեկն արդեն ճանաչել է մեղքը

PanARMENIAN.Net - Բորիս Նեմցովի սպանության գործով Մոսկվայում 5 կովկասցիներ են ձերբակալվել, ձերբակալվածներից մեկն արդեն ճանաչել է իր մեղքը: Մյուսները պնդում են, որ մեղավոր չեն: Կասկածյալներից ևս մեկը մահացել է իր իսկ նետած նռնակի պայթյունից Գռոզնիում ձերբակալության ժամանակ:

Շավանովը փորձել է նռնակ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն արդյունքում ինքն է տուժել, իսկ ոստիկաններից ոչ մեկը չի վնասվել:

Նեմցովի գործով երկու կասկածյալների ձերբակալության մասին ԱԴԾ ղեակավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությունից հետո գործով ֆիգուրանտների քանակը հասավ 5-ի: Անզոր Գուբաշևին ու Զաուր Դադաևին միացան ևս երեքը՝ Շաղիդ Գուբաշևը (մյուս ֆիգուրանտի եղբայրը), Թամերլան Էսկերխանովը և Համզադ Բախաևը: Որպես մեղադրյալ անցնում են դեռևս երկուսը՝ Գուբաշևն ու Դադաևը, մյուսներն անցնում են գործով որպես կասկածյալներ: Բոլորը մեղադրվում են ՔՕ երկու հոդվածով. «Սպանություն» և «զենքի ապօրինի շրջանառություն»:

Որպես խափանման միջոց Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը բոլորի համար ընտրել է կալանքը:

Ինչպես հայտնի դարձավ դատարանում, հինգից մեկը՝ Զաուր Դադաևն արդեն ճանաչել է իր մեղքը: Դադաևը Չեչնիայի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակից է: «Դադաևը Չենչնիայի Հանրապետության ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի փոխգնդապետն է»,-հայտարարել է Ինգուշեթիայի անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին պաշտոնակատար Ալբերտ Բախաևը: Սակայն Դադաևը դատարանում այդ տեղեկությունը չի հաստատել: Նա հայտարարել է, որ բնակվում է Ինգուշեթիայում, չունի մշտական աշխատանք ու ընտանիք, չի բնակվում գրանցման հասցեով: Վերջում Դադաևը խնդրել է, որ անաչառ լինեն իր հանդեպ:

Երկրորդ մեղադրյալը՝ Անզոր Գուբաշևը, հայտարարել է, որ մեղավոր չէ: Ինչպես հայտնի դարձավ դատարանում, Գուբաշևը ծնվել է Ռոստովի շրջանում, ավարտել է միջնակարգ դպրոցի 9 դասարանը և այժմ գրանցված է Ինգուշեթիայում: Ինչպես և Դադաևը, Գուբաշևն ընտանիք և մշատական աշխատանք չունի: «Ես մեղավոր չեմ»,-սա միակ բանն է, ինչ ասել է դատարանում Գուբաշևը:

Ըստ քննության, Գուբաշևի մեղսակցությունը Նեմցովի սպանությանը հաստատում են հավաքված ապացույցներն ու վկաների ցուցմունքները: Նույնը հայտարարեց նաև դատավորը, ծանոթանալով գործի նյութերին: Վերջապես, ևս երեք ֆիգուրնատ, որոնք անցնում են գործով որպես կասկածյալներ, ձերբակալվել են մեղադրյալների հետ միասին: Քննությունը հայտարարել է, որ մնալով ազատության մեջ, կասկածյալները կարող են փախուստի դիմել, ճնշում գործադրել վկաների վրա կամ փորձել ոչնչացնել դեռևս չառգրավված ապացույցները: Քննիչը ասել է նաև, որ ֆիգուրանտներից ոչ մեկը չի ապրել գրանցման վայրում:

Գուբաշևի եղբայր Շաղիդը ձերբակալվեց Անզորի հետ Ինգուշեթիայում մարտի 7-ին: Նա պնդում է, որ կապ չունի սպանության հետ: Մյուս կասկածյալները՝ Բախաևն ու Էսկերխանովը ձերբակալվել են մարտռի 8-ին մերձմոսկովյան Օդինցովոյում: Բախաևը հայտարարել է, թե Նեմցովի սպանության ժամանակ տանն է եղել, նա հավելել է, որ վեց երեխա ունի՝ խնդրելով չձերբակալել իրեն:

Էսկերխանովն ասել է, որ ալիբի ունի, նա աշխատավայրում է եղել, «ինչպես ամեն օր»: «Ես վկաներ ունեմ, նրանք կհաստատեն դա»,-ասել է Էսկերխանովը:

Մեղադրյալների հարազատներն, առաջին հերթին Զաուր Դադաևի ու Գումաշև եղբայրների բարեկամները, ակտիվորեն ելույթներ են ունենում ԶԼՄ-ներում՝ պաշտպանելով մերձավորներին: Այդպես, Դադաևի քույրը՝ Թամարան հայտարարել է, որ իր եղբայրը «11 տարի ծառայել է բանակի շարքերում: Նա պաշտպանել է հայրենիքը, պաշտպանել է Ռուսաստանը: Նուրգալիևը նրան պարգևատրել է Արիության համար շքանշանով, Կադիրովը՝ Աստղի շքանշանով»,-հայտարարել է Թամարա Դադաևան: Գուբաշև եղբայրների մայրը նույպես կտրականապես հերքում է իր որդիների մեղքը՝ հորդորելով գտնել իսկական հանցագործին:

Փետրվարի 27-ին 23:40-ին Մոսկվայի կենտրոնում սպանվեց հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը 1990-ականներին զբաղեցնում էր ՌԴ վարչապետի առաջին տեղակալի պաշտոնը: Նրան գնդակահարել են անհայտ անձինք: Նեմցովը զբոսնում էր 23-ամյա ուկրաինուհու հետ: Նրանց է մոտեցել ավտոմեքենան, որից անհայտները առնվազն 7-8 կրակոց են արձակել՝ Նեմցովը չորս վիրավորում է ստացել թիկունքից, որոնք մահացու են եղել:

Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, քննիչները դիտարկում են բոլոր վարկածները: ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը հանձնարարեց իրավապահ մարմիններին քննչական խումբ ստեղծել և հսկողության տակ պահել քննության ընթացքը: «Պուտինը նշել է, որ դաժան սպանությունը պատվիրված սպանության բոլոր հատկանիշներն ունի և բացառապես սադրիչ բնույթ է կրում»,-ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել իրավապահ մարմիններին անել հնարավորը դաժան սպանության բոլոր մեղսակիցներին հայտնաբերելու համար: ԱՄՆ-ն պահանջել է «արագ, անաչառ և թափանցիկ» հետաքննություն անցկացնել: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Twitteri-ի պաշտոնական էջում բերված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերը. «Միացյալ Նահանգները դատապարտում են Նեմցովի դաժան սպանությունը»:

Իր հերթին ռուս քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանը վստահ է, որ այդ հանցագործությունը ոչ մի կապ չունի մարտի 1-ին Մոսկվայում կայանալիք հակաճգնաժամային ընդդիմադիր հանրահավաքի հետ: Նա նշել է, որ տեղյակ չէ, արդյոք Նեմցովին սպառնացել են:

«Աջակողմյան ուժերի միություն» կուսակցության նախկին համանախագահ Իրինա Խակամադան նույնպես վստահ է, որ Բորիս Նեմցովի սպանությունը սադրանք է ուղղված իրավիճակի ապակայունացմանը, ընդ որում նա չգիտի, արդյոք նրա հասցեին եղել են սպառնալիքներ: Սակայն, ըստ նրա, Նեմցովի սպանությունն անկասկած ձեռնատու չէ Պուտինին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---