ՌԴ կառավարությունը ԵՏՄ-ին ՀՀ և Ղրղզստանի վերջնական անդամակցության փաստաթուղթ է պատրաստել

ՌԴ կառավարությունը ԵՏՄ-ին ՀՀ և Ղրղզստանի վերջնական անդամակցության փաստաթուղթ է պատրաստել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը փաստաթուղթ է պատրաստել, որը կնպաստի ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի վերջնական անդամակցության ընթացակարգին:

Նախարարների կաբինետը Ռուսաստանի նախագահին է ներկայացրել ԵՏՄ-ին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության մասին արձանագրությունը ստորագրելու վերաբերյալ առաջարկը: Այս մասին ասվում է կառավարության կայքում: Փաստաթուղթը ներկայացրել է տնտեսական զարգացման նախարարությունը:

Բանն այն է, որ Հայաստանը կողմ չի հանդիսանում 2014-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված ԵՏՄ-ին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրում, քանի որ ԵՏՄ-ին է միացել ավելի ուշ՝ 2015-ի հունվարի 2-ին: «Արձանագրությունը կդառնա ԵՏՄ մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրի անբաժան մասը և կընդգրկվի Միության իրավունքում, որը սահմանվել է 2014-ի մայիսի 29-ի ԵՏՄ մասին պայմանագրով»,-ասվում է կառավարության հայտարարության մեջ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների, 2013-ին Մաքսային միության անդամ երկրների միջև ընդհանուր շրջանառությունը կազմել է 64,1 մլրդ դոլար, ընդ որում 50 տոկոսը՝ ռուբլով, 40 տոկոսը՝ դոլարով, 8-9 տոկոսը՝ եվրոյով, մոտ 1 տոկոսը՝ այլ արժույթով»

Օրերս Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին 2014-ի դեկտեմբերի 23-ի պայմանագրի արձանագրությունները ստորագրելու մասին: Արձանագրությունները սահմանում են Ղրղզստանի անդամակցության կոնկրետ պայմանները, այդ թվում առևտրային ծառայությունները, ներառյալ ֆինանսական, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը, տրանսպորտային քաղաքականությունը, արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման կանոնները:

Բացի այդ պայմանավորվածությունները ներառում են «բացառումներն» ընդհանուր կանոններից մաքսային և սակագնային կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցների կիրառումը, ինչպես նաև անցումային շրջանների ժամկետները տեխնիկական կանոնակարգման, մրցակցության, բնական մենաշնորհների, էներգետիկայի, պետգնումների ոլորտներում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---