Ադրբեջանի ԱԳՆ. Արցախ «անօրինական» այցելած 30 լրագրողի դեմ քայլեր կձեռնարկվեն

Ադրբեջանի ԱԳՆ. Արցախ «անօրինական» այցելած 30 լրագրողի դեմ քայլեր կձեռնարկվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 18-20-ն կայացած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի մասնակիցների այցն Արցախ «անօրինական» է, այսօր՝ մարտի 25-ին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գրում է Azvision.az-ը:

Նշվում է, որ այցի ընթացքում 30 օտարերկրացի լրագրող հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ, այցելել թանգարաններ, գործարաններ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևն ասել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն «օկուպացված» տարածքներ այցելած լրագրողների դեմ:

«Առանց Ադրբեջանի կառավարության հետ համարձակնության այդ տարածքներ «անօրինական» այցերը նշանակում են Ադրբեջանի «Պետական սահմանի մասին» օրենքի խախտում»,- նշել է նա:

Երևանում միջազային եռօրյա մեդիա ֆորումի ուշադրության կենտրոնում մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունն էր:Խորհրդաժողովն անցել է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Վերջին օրը մասնակիցների մի մասը մեկնել էր Արցախ:

Հաջիևը չի մոռացել հերթական անգամ իբր վախեցնել լրագրողներին, որոնք արդեն եղել են Արցախում, ամեն ինչ տեսել սեփական աչքով և ապահով վերադարձել, թե այդ տարածքներում անվտանգ չէ՝ հաշվի առնելով պատերազմական դրության պայմաններում մարդկանց վաճառքը, զենքի, թմրանյութերի ապօրինի վաճառքի տարանցիկ ճանապարհ լինելը, ահաբեկիչների պատրաստումը:

«Արարատի ստորոտին» մեդիա ֆորումի մի խումբ մասնակիցներին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել էրմարտի 21-ին: Քննարկվել էին Արցախի պետականաշինությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հիմնադրույթներն ու պատասխանել ներկաների հարցերին: Նախագահ Սահակյանը կարևորել է նման այցելություններն Արցախ` նշելով, որ այնտեղ լինելն ու անմիջապես նրա հետ ծանոթանալը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ և օբյեկտիվ պատկերացում կազմել Արցախի մասին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---