«Ակօս»-ի խմբագրատան շենքը թանգարան է դառնալու

«Ակօս»-ի խմբագրատան շենքը թանգարան է դառնալու

PanARMENIAN.Net - Ստամբուլում հրապարակվող «Ակօս» թերթի խմբագրությունն ու «Հրանտ Դինք» հիմնադրամը տեղափոխվել են նոր շենք, և բոլորի մտքում այժմ մի հարց է՝ ի՞նչ է լինելու նախկին շենքի հետ:

«Հայերի և թուրքերի համատեղ ապրելու ապացույցը, կազմակերպված հանցավոր խմբին զոհ տված այդ վայրն ի՞նչ է լինելու։ Ամեն տարի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության օրը, արդարության պահանջով հարյուրավորների հավաքատեղի դարձած այդ շենքն այժմ ամբողջությամբ դատա՞րկ է», թուրքական «Ջումհուրիյեթ»-ին հղումով գրում է Tert.am-ը:

Շենքը դատարկ չի մնալու և վերածվելու է թանգարանի։ Հրանտ Դինքի բոլոր իրերով այդ սենյակին ձեռք չեն տվել, չեն էլ տալու. այն աշխարհի տարբեր կողմերից Թուրքիա եկած մարդկանց այցելության վայր է դարձել։ «Մարդիկ տեսնել են ուզում։ Հիմնադրամի ու թերթի նախկին տարածքը Հայոց ցեղասպանության, Հրանտ Դինքի, Թուրքիայի հայերի և բոլոր փոքրամասնությունների վերաբերյալ փաստերի «խղճի թանգարան է» լինելու»,- գրում է թուրքական պարբերականը։

Հայկական հարցը բարձրաձայնելու, խղճի լեզվով խոսելու, թուրքական քաղաքականության կեղծարարությունները ներկայացնելու առաքելությամբ 1996-ին Ստամբուլում Հրանտ Դինքը հիմնադրեց «Ակօս» թերթը: Դինքն «Ակօս»-ը հրատարակեց թուրքերենով: Նա հակադրվում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետին և բազմիցս հալածվել է, 2005 թվականին 6-ամսով բանտարկվել:

Թուրքիայում շատ տաբուներ քանդվեցին. Այս հարցում մեծ էր Թաներ Աքչամի, Ֆիկրետ Անադըրի, Ռագըփ Զարաքօլուի, Հալիլ Բերքթայի ու բազմաթիվ այլ թուրք մտավորականների ավանդը: Նրանք համախմբվել էին «Ակօս»-ի շուրջը՝ իրենց հոդվածներն էին հրապարակում թերթում:

2007-ի հունվարի 19-ին, «Ակօս»-ի խմբագրատան դիմաց Դինքի սպանությունից հետո թուրք մտավորականներն իրենց անվանեցին հավաքական անունով՝ «Դինքի ընկերներ»: Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների շատ քաղաքներում կազմակերպվեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր: Մարդիկ փողոց էին դուրս եկել «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ», «1,5 000 000 + 1» գրությամբ պաստառներով: Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը:

Իր վերջին հոդվածում Դինքը գրել է. «Ես նման եմ աղավնու այս հասարակության մեջ, որը պետք է շատ աչալուրջ լինի, ուստի ես ճարպկորեն պտտում եմ գլուխս աջուձախ, վերևուներքև, որքան հնարավոր է արագ, որ խուսափեմ շուրջս առկա վտանգներից… բայց ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---