Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «պատմական համաձայնություն է» ձեռք բերվել

Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «պատմական համաձայնություն է» ձեռք բերվել

PanARMENIAN.Net - Իրանը և «վեցյակի» երկրները (ԱԽ 5 անդամ + Գերմանիա) կարողացել են համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի սկզբունքային պարամետրերի առումով:

Անցած շաբաթվանից Լոզանում շարունակվող բանակցությունների կողմերը վստահեցնում են, որ առանցքային հարցերի շուրջ փոխզիջում կա, թեև տարաձայնությունները պահպանվում են: Աշխատանքը կշարունակվի և մինչև հունիսի ավարտը «վեցյակն» ու Իրանը պետք է կոնկրետ փաստաթուղթ մշակեն:

«Լոզանում պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնության հիմքը դնել, որը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Սակայն արդեն այժմ առանցքային միջազգային խաղացողները պատմական են համարում ձեռք բերված համաձայնությունը և համարում են, որ կարելի է խոսել մեծ հաջողության մասին: «Վստահ եմ, որ մենք կարող ենք ցուցյ տալ, որ համաձայնությունը լավ է ԱՄՆ և ողջ աշխարհի անվտանգության համար»,-հայտարարել է մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռուսաստանը ողջունում է Իրանի խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Ըստ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի, Մոսկվան կողմ է Իրանի դեմ գործող ԵՄ և ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների առաջնահերթ վերացմանը և ակնկալում է, որ Նյու Յորքում շուտով կսկսվի Թեհրանի դեմ գործող ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերացման կարգը:

«Միակողմանի պատժամիջոցներն ապօրինի են, դրանք պետք է անհապաղ չեղյալ համարվեն: Ինչ վերաբերում է մինչ 2010 թ. ՄԱԿ ԱԽ սահմանած պատժամիջոցները հանելու կարգին, ապա այդ հարցով մենք նույնպես զբաղվում ենք: Շուտով հարցի մշակմանը կմիանա նաև ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցչությունը»,-ասել է Ռյաբկովը: «Շատ բան արված է, բայց անելիքները ևս դեռ շառ են»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը:

ԱՄՆ նախագահ Օբաման ևս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատմական է: Նա հստակեցրել է, որ Թեհրանի հետ պայմանագիրը հիմնված է «կատարման աննախադեպ հսկողության վրա», հայտնում է Ռոսբալտը:

Մինչդեռ Իսրայելը հայտարարեց, որ Իրանի հետ համաձայնությունը «պատմական սխալ է»: «Եթե համաձայնությունը ձեռք է բերվել այդ պայմաններով, ապա դա պատմական սխալ է, որն ավելի վտանգավոր է դարձնում աշխարհը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ սկսված և ներկայումս Լոզանում ընթացող բանակցությունների հերթական փուլը չափազանց մեծ, արտակարգ կարևորության ունի Հայաստանի համար:

«Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև պատժամիջոցների թեթևացումը կամ դրանց հանումը, Իրանի ներքին շուկան կդարձնի պակաս պրոտեկցիոնիստական, և սա դրական կանդրադառնա Հայաստանի վրա, որն արդեն խեղդվում է առանց մատչելի շուկաների»,- ասել է Իսկանդարյանը և նկատել, որ տարածված սխալ թեզ կա, որ իրանական շուկան մեզ համար բաց է: «Դա այդպես չէ, բաց է միայն իրանական էներգետիկան»,-նշել է նա:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի միջև վերսկսվեցին 2013-ին, երբ նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: Նա խոստացավ, որ քայլեր կձեռնարկի դուրս բերելու համար երկիրը միջազգային մեկուսացումից: Ակնկալվում է, որ մարտի վերջին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Թեհրանի հետ, իսկ մինչև հուլիսի 30-ը՝ վերջնական:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---