Գալուստ Սահակյան. Կիպրոսի խորհրդարանը հստակ «ոչ» ասաց այլատյացությանը, ռասիզմին ու խտրականությանը

Գալուստ Սահակյան. Կիպրոսի խորհրդարանը հստակ «ոչ» ասաց այլատյացությանը, ռասիզմին ու խտրականությանը

PanARMENIAN.Net - Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև՝ Կիպրոսի խորհրդարանը հստակ «ոչ» ասաց այլատյացությանը, ռասիզմին ու խտրականությանը: Այս մասին ապրիլի 2-ին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ելույթ ունենալով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Խոսնակը մասնավորապես ասել է. «Ես եկել եմ մի երկիր, որը դարեր շարունակ բարեկամական կապեր է ունեցել Հայաստանի հետ: Այս հանգամանքի հիմքում մեր պատմական ընդհանրություններն են, նման ճակատագրերը: Այսօր ես պատիվ ունեմ ելույթ ունենալու խորհրդարանում, որն առաջիններից մեկը, իսկ Եվրոպայում առաջինը՝ 1975 թ. ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով վերականգնել պատմական արդարությունը:

Ինչպես գիտեք, 2015-ին լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող բանաձևի ընդունման համար: Ցեղասպանությունը ոչ միայն հանցագործություն է մարդկության դեմ, այլ նաև ֆաշիզմի և անհանդուրժողականության դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ խախտում: Նման սարսափելի ոճիրների կրկնությունը կանխելու լավագույն միջոցը մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է: Ցեղասպանության ժխտումն այդ հանցագործության անմիջական շարունակությունն է», հայտնում է Armenia Today-ը:

Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Ըստ օրենքի, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և/ կամ 10 000 եվրո տուգանքով:

2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100 000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20 000 եվրո տուգանք:

Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:Նմանատիպ օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և այդ համատեքստում մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը հետամուտ է շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ բոլոր ձևաչափերով, հնարավոր բոլոր ոլորտներում և ուղղություններով՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի մասնատման մասին՝ նշելով, որ Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերում արտահայտված սկզբունքները, որոնց համաձայն՝ Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի երկհամայնք, երկզոնալ դաշնային կառույցի վրա՝ մեկ ընդհանուր իշխանությամբ և մեկ քաղաքացիությամբ:

Գալուստ Սահակյանը խոսել է նաև Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և այդ երկրի իշխանության կողմից վարվող անառողջ քաղաքականության մասին:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել հայկական պատվիրակությանը Կիպրոս այցելելու և կիպրացիներին մշտապես սատարելու համար:Յանակիս Օմիրուն նշել է, որ Կիպրոսը մշտապես կաջակցի եղբայրական Հայաստանին միջազգային կառույցներում, ինչպես նաև Եվրոպական միությունում կլինի Հայաստանի բարեկամն ու աջակիցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---