ՀՀ կշարունակի ԵՄ հետ սերտ գործակցությունը` հաշվի առնելով ԵՏՄ գծով պարտավորությունը

ՀՀ կշարունակի ԵՄ հետ սերտ գործակցությունը` հաշվի առնելով ԵՏՄ գծով պարտավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Եվրամիությունը մտադիր են շարունակել սերտ համագործակցությունը: Այդ մասին ապրիլի 8-ին Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանը տեսնում իր ապագան ԵՄ և ԵՏՄ միջև եվրասիական տարածքում:

Ըստ նրա, ինչպես և ասվեց Հայաստան-ԵՄ Խորհրդի հունվարին Բրյուսելում կայացած վերջին նիստում, Հայաստանն ու Եվրամիությունը մտադիր են շարունակել սերտ գործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով` հաշվի առնելով այն պարտավորությունները, որը Հայաստանն ունի մյուս ինտեգրացիոն գործընթացներում:

«Ըստ իս, սա շատ հստակ ձևակերպում է, որտեղ պարզ ասված է ամեն ինչ: Այդ մասին ասվել է նաև Վիլնյուսի գագաթնաժողովում, նույն ձևակերպմամբ: Այո մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, և միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեր պարտավորությունները, այդ թվում նաև ԵՏՄ-ում, մենք բանակցում ենք Եվրամիության հետ մեր գործընկերային գործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով ընդլայնելու, խորացնելու նպատակով»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է EvrazesNews.ru-ն:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին՝ Դիդենկոն հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ:

Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Չնայած, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ որևէ փաստաթուղթ Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին, կողմերը շարունակել են քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական և տնտեսական հարթակներում, որոնք չեն խախտում միջազգային պայմանավորվածությունները:

«Մարտի սկզբին հետագա գոծակցության շրջանակների ուրվագծման աշխատանքներն ավարտվեցին: Եվրահանձնաժողովը պետք է մանդատ տրամադրի ԵՄ անդամ երկրներին Հայաստանի հետ բանակցելու համար: Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն Ռիգայի գագաթնաժողովի փաստաթղթում»,-ասել է Դիդենկոն:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---