Չավուշօղլու. Մենք պատրաստ ենք ընդունել պատմաբանների եզրակացությունը ` ուրիշ ի՞նչ կարող է Թուրքիան անել

Չավուշօղլու. Մենք պատրաստ ենք ընդունել պատմաբանների եզրակացությունը ` ուրիշ ի՞նչ կարող է Թուրքիան անել

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ամերիկյան CNN-ին հարցազրույց է տվել, որի ժամանակ ներկայացրել է Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ Թուրքիայի պաշտոնական մոտեցումը, և թե ինչու իր երկիրը չի կարող կատարվածը որակել որպես ցեղասպանություն:

CNN-ի լրագրողը հարցազրույցի սկզբում նշել է, որ 100 տարի առաջ 1,5 մլն. հայեր են սպանվել թուրքերի կողմից, և անդրադարձել Ֆրանցիսկոս պապի ու Եվրոպայի Խորհրդարանի հայտարարություններին, որով դատապարտեցին Հայոց Ցեղասպանությունն ու կոչ արեցին Թուրքիային ճանաչելու այն, հայտնում է Panorama.am-ը:

Հարցին, թե ինչու Թուրքիան չի անսում այդ հորդորներին և չի ճանաչում Ցեղասպանությունը, Չավուշօղլուն պատասխանել է. «Իրականում Ֆրանցիսկոս պապը Թուրքիային կոչ չի արել ճանաչել Ցեղասպանությունը, նա ընդամենը հղում է կատարել նախկինում Հովհաննես-Պողոս 2-րդ պապի հայտարարությանը: «Ցեղասպանություն» բառը իրավական տերմին է, հետևաբար չպետք է այդքան հեշտ լինի 1915թ-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելը: Իրականում հնարավոր էլ չէ այդպիսի որակում տալ, և երկրորդ հերթին ո՞վ է որոշում` արդյոք դա ցեղասպանություն է եղել, թե ոչ: Ցեղասպանության միջազգային սահմանումը շատ պարզ է. Ես և Դուք կարող ենք ունենալ պատմական իրադարձությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ: Տարակարծությունը հղթահարելու համար մենք Հայաստանին առաջարկել ենք շատ արդարացի լուծում, այն է` ստեղծել պատմաբանների միացյալ հանձնաժողով, որը կքննարկի 1915թ-ի իրադարձությունները: Մենք առաջարկել ենք բացել արխիվները: Մենք նույնիսկ առաջարկել ենք, որ 3-րդ երկրների, ներառյալ ԱՄՆ-ի գիտնականներն ու պատմագետները ևս կարող էին մասնակցել այդ քննարկումներին: Երրորդ երկրները ևս կարող էին բացել իրենց արխիվները:

Նախագահ Էրդողանի կողմից Հայաստանին ուղղված պաշտոնական նամակ-առաջարկության մեջ նշված էր, որ Թուրքիան պատրաստ է ընդունել պատմաբանների հանձնաժողովի եզրակացությունը իրադարձությունների վերաբերյալ: Ուրիշ ի՞նչ կարող է Թուրքիան անել: 1915թ-ի իրադարձությունները Թուրքիան չի դիտարկում որպես հակամարտություն հայերի և թուրքերի միջև, և մենք հավատում ենք, որ մեծ ներդրում ենք ունեցել երկու ժողովուրդներին և երկու պետությունների հաշտեցման ուղղությամբ: Իրականում մենք երբեք չենք ժխտել հայ ժողովրդի վիշտը, և իր ուղերձում նախագահ Էրդողանն իր ցավակցություններն է հղել 1915թ-ին Օսմանյան Կայսրությունում մահացածների հետնորդներին: Ընդ որում, միայն հայեր չեն, որ մահացել են այս ընթացքում:

Միլիոնավոր թուրքեր և մահմեդականներ են նաև սպանվել, և սա այն է, ինչ մենք չենք կարող ժխտել, սակայն մենք ուղղակի չենք կարող որակել այս իրադարձությունը որպես ցեղասպանություն:

Դուք հավանաբար լսել եք «Հոլոդոմորի»` մեծ սովի մասին 1932-33թթ-ին: 10 մլն մարդ է մահացել դրա արդյունքում, որից միայն 8 մլն-ը` Ուկրաինայում: Բայց անգամ ուկրաինացի պատմաբանները չեն կարողանում միանշանակ կարծիքի գալ, թե արդյոք դա ցեղասպանություն է եղել, թե ոչ: Հետևաբար, ինչպե՞ս կարող եմ ես` որպես քաղաքական գործիչ, որոշել, թե արդյոք 1915թ-ի իրադարձությունները ցեղասպանություն են եղել, թե ոչ: Մենք հավատում ենք, որ պատահածը միանշանակ ցեղասպանություն չէ, սակայն բազմաթիվ մարդիկ են մահացել, և մենք կիսում ենք հայ ժողովրդի այդ ցավը` առաջարկելով հաշտվել: Այս մասին հունվարին հայտնել է նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով օրեր առաջ իր ցավակցությունները հղեց հայ ժողովրդին 100 տարի առաջ կրած կորուստների համար: Ապրիլի 24-ին Անկարայի հայկական պատրիարքարանում հոգևոր պատարագ կմատուցվի մահացած հայերի հիշատակին, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան ցավում է կատարվածի համար»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու Թուրքիան ուղղակի չի կարող ընդունել, որ կատարվածը ցեղասպանություն է, ինչպես արել են այլ երկրներ, օրինակ Գերմանիան` նշելով, որ իրերն իրենց անուններով կոչելու համար ոչ մեկ չի դատապարտի Թուրքիային, թուրք արտգործնախարարը պատասխանել է. «Ինչպես արդեն նշեցի, մենք ընդունում ենք, որ բազմաթիվ մարդիկ են մահացել, բայց կատարվածը չենք կարող որակել որպես ցեղասպանություն: Դա տարբեր Խորհրդարանների խնդիրը չէ` որոշել, թե արդյոք դա ցեղասպանություն է, թե ոչ: Այս խնդիրը իրավական հարց է: Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, բայց սա այն բառը չէ, որը կարելի է կիրառել այդքան հեշտությամբ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան իր հերթին` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիան միշտ շեշտադրել է այն հանգամանքը, որ պատրաստ է բացել իր արխիվները` մասնավորապես ռազմական, 1915 թվականի դեպքերի հետ կապված, հայտնում է Panorama.am-ը թուրքական «Անադոլու» գործակալության վրա հղումով:

«Ուզում եմ խոսքս հասցեագրել Եվրոպական միությանը: Նրանք մեզ խորհուրդ էին տալիս բացել մեր արխիվները: Ես միշտ էլ ասել եմ` մենք պատրաստ ենք բացել արխիվները: Մենք նաև պատրաստ ենք բացել մեր ռազմական արխիվները»,- նշել է Էրդողանը:

Գործակալության փոխանցմամբ` Էրդողանը նաև կոչ է արել Հայաստանին և մնացած բոլոր երկրներին, որոնք ունեն 1915 թվականի դեպքերի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, նույնպես հասանելի դարձնել դրանք փորձագետներին ու վերլուծաբաններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---