The Guardian. Պաշտոնական Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր հնամաշ առասպելին

The Guardian. Պաշտոնական Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր հնամաշ առասպելին

PanARMENIAN.Net - «Ցեղասպանություն» բառի շուրջ պայքարը հաղթանակած է, բայց պաշտոնական Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ մերժողականությանը, գրում է բրիտանական The Guardian թերթն իր խմբագրականում:

Դժվար է պատկերացնել, որ պետությունը, որին դու պատկանում ես, ստեղծվել է հանցագործության վրա և որ պատմությունը, որ սովորել ես դպրոցում, լի է ստերով: Բայց չկա փրկություն առանց ապաշխարության, և հայերի դեմ ցեղասպանության արշավի մեկնարկի հարյուրամյա տարելիցին տխուր է գրանցել այն փաստը, որ Թուրքիան դեռևս չի ընդունել փաստը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, գրում է The Guardian-ը Tert.am-ի փոխանցմամբ:

Պատասխանը, ընդհանուր առմամբ, բավական հեշտ է, մինչդեռ մանրազնին ուսումնասիրելիս՝ բարդ: Թերթը գրում է, որ հայերը, ովքեր Կենտրոնական Ասիայից թուրքերի գալուց դեռ երկար ժամանակ առաջ ապրում էին Անատոլիայում, սպանվել են, տեղահանվել և բռնի կրոնափոխվել:

Երկար ժամանակ աշխարհը հանցակից է եղել՝ հետևելով Թուրքիայի ասածներին, որ 1915-ի դեպքերը ճիշտ չէ որակել «ցեղասպանություն»: Բայց ակադեմիական ուսումնասիրությունները, այդ թվում՝ նաև որոշ թուրք մասնագետների աշխատանքը, նշանակալիորեն բացառել են «պատերազմի ժամանակ վատ բաներ են տեղի ունենում» թեզը, մինչդեռ հայկական սփյուռքի հսկայական ջանքերի շնորհիվ աստիճանաբար փոխվել է Եվրոպայում և Ամերիկայում հասարակության կարծիքը, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ «ցեղասպանություն» բառի շուրջ պատերազմում էական հաղթանակ է գրանցվել:

Թերթը, մեջբերելով պատմաբան Ռոնալդ Սունիին, գրում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի կեսերին Օսմանյան կայսրության իշխանությունները սկսեցին մտածել, որ կայսրությունում ապրող փոքրամասնություններն անմիջական սպառնալիք են պետության անվտանգությանը, և կայսրության ու ազգի պաշտպանությունը դարձավ զանգվածային սպանության հիմնավորում:

Կայսրությունը, բացի այդ, երկար ժամանակ պահում էր քրդերի ու հայերի միջև իշխանության և հողերի շուրջ մրցակցությունը, ինչի շնորհիվ էլ այնուհետ քրդերին կարողացան օգտագործել հայերի դեմ՝ իրենց նպատակն իրագործելու համար: Քրդերը, ճակատագրի հեգնանքով, այնուհետև իրենց հերթին նույնպես տուժեցին թուրքական էթնիկ շովինիզմից: Չնայած նրան, որ փորձ չի եղել ֆիզիկապես ոչնչացնել նրանց որպես ժողովուրդ, նրանց լեզուն և ինքնությունը մերժվել է և ճնշումների ենթարկվել: Քրդերն այժմ, իրենց դառը փորձությունից հետո, ճանաչում և զղջում են 1915 թվականի դեպքերին իրենց մասնակցությունը: Որոշ, գուցե շատ էթնիկ թուրքեր նույնպես գիտեն, որ ազգային պատմությունը խնդրահարույց է:

Պաշտոնական Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր հնամաշ առասպելին՝ զայրույթով լցվելով և իր դեսպաններին հետ կանչելով ամեն անգամ, երբ ցեղասպանություն բառ է օգտագործվում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, որը նախորդ տարիներին որոշ հույս էր տվել այս հարցի վերաբերյալ, ըստ էության որոշել է, որ պետության ծագման վերաբերյալ պատմության աղավաղված տարբերակը կմնա անփոփոխ, եզրափակում է թերթը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---