Ֆրեզնոյում Սարոյանի տունը հանվել է աճուրդի. Սփյուռքի նախարարը կոչ է անում գնել

Ֆրեզնոյում Սարոյանի տունը հանվել է աճուրդի. Սփյուռքի նախարարը կոչ է անում գնել

PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի կենտրոնում գտնվող տունը, որտեղ կյանքի վերջին 17 տարին է անցկացրել Վիլյամ Սարոյանը, մայիսին հանվելու է աճուրդի, այսօր` ապրիլի 28-ին հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Կոչ ենք անում ամերիկահայերին, հատկապես Կալիֆորնիայում բնակվող հայ մեծահարուստներին, գնել Սարոյանի տունը և այն դարձնել թանգարան, որպեսզի հետո ստիպված չլինենք գնել այլ մարդկանցից»,- ասել է Հակոբյանը, գրում է «Երկիր Մեդիա»-ն:

Ինչպես տեղեկացնում է Fresno Bee-ն, Սարոյանի մահվանից հետո տունը երեք տարբեր սեփականատեր է ունեցել, այն գրավադրվել է և պարտքը չի մարվել։ Այժմ աճուրդի է հանվում` գրավը մարելու համար։ 114 քմ տարածքով տունը կառուցվել է 1964 թվականին, ունի երեք ննջարան և մեկ լոգասենյակ։ Այն ներառված է քաղաքային պատմական արժեքների ցանկում։ Աճուրդը կկայանա մայիսի 5-ին` Ֆրեզնոյի շրջանային դատարանում։

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է, գրել պատմվածքներ:

Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աբմողջ աշխարհում»:

Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---