Կոնգրեսական Շիֆ. Սիսի կաթողիկոսարանը 100 տարի անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին

Կոնգրեսական Շիֆ. Սիսի կաթողիկոսարանը 100 տարի անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը ողջունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան դատական հայցի ներկայացնելը, որով կաթողիկոսարանը պահանջում է իրեն վերադարձնել իր ունեցվածքը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջի միջոցով, հայտնում է Tert.am-ը:

Ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով:

«Օսմանյան կայսրության թալանած այս հնագույն և սրբազան տարածքը հարյուր տարի անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Հայերն իրավունք ունեն բոլոր օրինական ուղիներով հետամուտ լինելու արդարության հաստատմանը և ձգտելու վերադարձնել այն, ինչ իրավամբ իրենց է պատկանում»,- ասել է կոնգրեսականը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Արամ Ա կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Արամ Ա-ն նշել է, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Բազմիցս ասել ենք ու միշտ պետք է կրկնենք ի լուր մեր ժողովրդին, ցեղասպանին և միջազգային հանրությանը, որ մենք պահանջատեր ենք և հավատարիմ ենք մնում մեր նահատակների սրբազան կտակին` որքան էլ ցեղասպանը իր մարտավարական ու ռազմավարական սադրանքներով և նյութական միջոցներով փորձի նսեմացնել ու աղավաղել մեր պահանջատիրությունը միջազգային հանրության առջև: Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ, անտարբերությունն ազգային դավաճանություն է: Մենք ճանապարհ ենք ելել այս հեռանկարով: Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից: Վերջապես, գիտենք, որ այս դատը նյութական մեծ ներդրում է պահանջում: Ամեն դեպքում, մենք վստահում ենք մեր ժողովրդին, որովեհտև եկեղեցին ժողովուրդն է, և եկեղեցական որևէ կենտրոն մեր ժողովրդի սեփականությունն է»:

Քաղաքական իրավիճակով պայմանավորված Կիլիկիայի տարբեր շրջաններից հետո 1295-ին Կաթողիկոսարանը հաստատվեց մայրաքաղաք Սիսում: 1921-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը երկու օրվա վերջնագիր ներկայացրեց Սահակ Բ Խապայան կաթողիկոսին՝ Կաթողիկոսարանը լքելու պահանջով: Վեհափառը, իր հետ վերցնելով ձեռագրեր, ծիսական սպասքը, ներառյալ մյուռոնի կաթսան, փոքրաթիվ միաբանների հետ հաստատվել է նախ Երուսաղեմում, ապա Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին Անթիլիասում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---