Թուրք վերլուծաբանի 7 թեզը Հայոց ցեղասպանության անժխտելիության վերաբերյալ

Թուրք վերլուծաբանի 7 թեզը Հայոց ցեղասպանության անժխտելիության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Թուրքական «Hurriyet» թերթի անվանի սյունակագիր Ահմեթ Հաքանը «Հայկական հարցի վերաբերյալ 7 թեզ» հեղինակային հոդվածում անդրդադառնում է թուրքական ժխտողականության 7 հիմնական թեզերին, տալիս դրանց հիմնավորված հերքումը և ապացուցում Հայոց ցեղասպանության անհերքելիությունը, հայտնում է Ermenihaber.am-ը:

1. Եթե իմպերիալիստական ուժերն են ասում «ցեղասպանություն», այդ դեպքում ինչո՞ւ ամենամեծ իմպերիալիստ ԱՄՆ-ն «ցեղասպանություն» բառն օգտագործելու փոխարեն երկար-բարակ մտածում է, թե ինչ բառ գործածի: Ինչո՞ւ չի ասում «ցեղասպանություն»:

2. Եթե խոսք է գնում այն մասին, որ հայ գրոհայինների հարձակումներից է ծագել ողջ խնդիրը, ապա ինչո՞ւ տեղահանվեց ողջ հայ հասարակությունը և հայության կոտորածներ եղան: Եթե մեղքը գրոհայիններինն էր, ինչո՞ւ դրա համար վճարեց անմեղ բնակչությունը:

3. Մենք, օրինակ, ինչո՞ւ ենք տեղահանություն և ջարդեր իրականացրած երիտթուրքերին համարում մեր պապեր: Նրանց փոխարեն ինչո՞ւ մեր նախնիներ չենք համարում հայերին փրկած Ռեշիթ բեյի, Մեհմեթ Ջելալ բեյի, Ֆայիք Ալի բեյի պես մարդկանց: Ինչո՞ւ չենք գոչում, որ նրանք են մեր իսկական նախնիները:

4. Հարց եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր ասում են. «Ոչինչ չի եղել, ամենը զրպարտություն է»: Արդ որտե՞ղ է այս հողերի հնագույն ժողովուրդներից մեկը` հայությունը: Ի՞նչ եղավ նրանց ունեցվածքը: Ո՞վ տիրացավ նրանց ունեցվածքին:

5. Ջարդերի, կոտորածների, ցեղասպանությունների պատմություն ունեցող երկրները չպետք է դասեր տան մեզ: Բարի: Շատ բարի: Բայց մեզ դաս տվող երկրների կեղտոտ անցյալը մի՞թե մաքուր է դարձնում մեր անցյալը: Իսկ եթե ինքներս մեզ հետ առերեսվենք, այնուհետև շրջվենք ու մեզ դաս տվողներինս ինքներս դաս տանք... մի՞թե դա շատ ավելի ճիշտ արարք չի լինի:

6. Եթե դեռ «հայ» բառը որպես հայհոյանք ենք օգտագործում, եթե «հայ» բառն ասելու համար ներողություն ենք խնդրում, եթե սոցմեդիայում գրում ենք «մեր պապերը դեռ մի բան էլ քիչ են արել», եթե մեր երկրում մնացած մի բուռ հայերին անգամ սպառնում ենք, եթե Հրանտ Դինքի սպանության վայրում սև ծաղկեպսակ ենք դնում, ինչպե՞ս կարող ենք աշխարհին համոզել, թե մենք երկրագնդի ամենահումանիստ ժողովուրդն ենք, որը նույնիսկ մրջյուն չի տրորում:

7. Եկեք ասենք` դա ցեղասպանություն չէր... Բայց արդյո՞ք դա մեզ կազատի անցյալի հետ առերեսվելու անհանգստությունից: Մենք բյուրեղյա մաքրությո՞ւն ձեռք կբերենք: Կմաքրվե՞նք մեր պատմության բոլոր մեղքերից: Ի՞նչ ենք անելու թափված արյան հետ: Ի՞նչ ենք անելու մարված օջախների հետ:

Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան Չանաքքալեի (Գալիպոլի)ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, չնայած որ ամեն տարի դրանք անցկացվում էին մարտի 18-ին: Անկարան բազմաթիվ երկրների ղեկավարների էր հրավիրել մասնակցելու տոնակատարությանը: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան: ԱՄՆ-ն պատվիրակություն չուղարկեց Թուրքիա` բավարարվելով դեսպանի մասնակցությամբ, իսկ ՌԴ և Ֆրանսիայի նախագահները նախընտրեցին այլցելել Երևան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու հրավեր, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, ուղարկել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակում մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---