Ընտրություններ Արցախում. Բաքվի սպառնալիքների ֆոնին դիտորդներ կան Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից

Ընտրություններ Արցախում. Բաքվի սպառնալիքների ֆոնին դիտորդներ կան Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է պետության համար:

Իսկ այսօր՝ մայիսի 2-ին, ավարտվել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: ԼՂՀ Ընտրական օրենսգրքով՝ այսօր լռության օր է, քանի որ ընտրությունները մայիսի 3-ին են:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նշել է, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդ և 110 տեղական դիտորդ, գրում է Tert.am-ը:

«Հավատարմագրումը այսօր դեռ շարունակվում է և նրանց թիվը հստակ կարելի կլինի ասել այսօր՝ ավելի ուշ: Բայց կարող եմ նշել, որ Ֆրանսիայից պատվիրակություն ունենք, ԱՄՆ-ից, ինչպես նաև Գերմանիայից»,- ասել է նա:

Պաշտոնական Բաքուն սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին: «Չի բացառվում, որ այդ դիտորդների (բառը՝ չակերտներում) նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Նրանք կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության օրենքը՝ ապօրինի կերպով այցելելով գրավյալ տարածքներ», - մասնավորապես ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիևը :

Ավելի վաղ The Fresno Bee –ն գրել է. «Ի հեճուկս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից գործադրվող դիմակայության` հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնելու` պաշտպանելով իր ազգային անկախությունն ու սուվերենությունը»:

Սրբուհի Արզումանյանը նաև տեղեկացրել է, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու են միջազգային ու տեղական շուրջ 40 լրատվամիջոցների 90-ից ավելի լրագրողներ:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են.

«Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»:

ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատը վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացի: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---