Հալեպի հրթիռակոծությունը շարունակվում է

Հալեպի հրթիռակոծությունը շարունակվում է

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում զինյալները մայիսի 3-ին հրթիռակոծել են երեք թաղամաս: Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ արձակված արկերը պայթել են Աշրաֆիա, Քուաթլի և Ազիզիե թաղամասերում: Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ կին ու երեխա, ևս 36-ը վիրավոր են, հայտնում է Tert.am-ը:

Շաբաթ օրը հրթիռային հարվածների զոհ է դարձել 14 խաղաղ բնակիչ, գրանցվել է ավելի քան 60 վիրավոր: Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ հարձակումների հեղինակը «Շուհադա Բադր» ծայրահեղական խմբավորումն է, որը գրավել է Բանի Զեյդ շրջանը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Ապրիլի 28-ին Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների թիրախը պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն էին: Ֆեյսբուքում inews էջը, որը համակարգում են Հալեպում և Սիրիայի այլ տարածքներում ապող երիտասարդներ՝ իրենց ներկայացնելով որպես ոչ մի կուսակցության չհարող, տարածել է լուսանկար, որում Սբ Քառասուն Մանուկ եկեղեցին գրեթե ամբողջությամբ փլված է: Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Լրագրող Զարմիկ Պողիկյանի խոսքով, մշակութային ու կրոնական մեծ արժեք ներկայացնող թաղամասում քրիստոնեական կառույցների դեմ ուղղված գործողությունները սկսվել են ապրիլի 26-ից:

2012-ի օգոստոսից Հալեպը երկու մասի է բաժանված. Արևմտյան շրջանները վերահսկում է կառավարական բանակը, իսկ արևելյանը՝ մոտ երկու տասնյակ զինյալ խմբավորումներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---