Էրիկ Պողոսյան. Օսմանցի առաջնորդները բռի փոքրասիացի չէին, կիրթ եվրոպացի էին

Էրիկ Պողոսյան. Օսմանցի առաջնորդները բռի փոքրասիացի չէին, կիրթ եվրոպացի էին

PanARMENIAN.Net - Սխալ կլիներ մտածել, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային ոչնչացումները կազմակերպած օսմանյան ղեկավարները պարզապես արյունարբու բարբարոսներ էին, չափազանց բռի կերպարներ, որոնք այդքան բնորոշ էին Փոքր Ասիայի արևելյան շրջաններին, Salon պարբերականում հրապարակված հոդվածում գրել է դրամատուրգ, արձակագիր և դերասան Էրիկ Պողոսյանը՝ համեմատելով Հայոց ցեղասպանությունը հերքողներին կլիմայական փոփոխությունները հերքողների հետ ու հարցադրում՝ ինչպե՞ս են Հայոց ցեղասպանությունը հերքողները մնում անպատիժ, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Օսմանյան կայսրության ղեկավարները` «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամներ Թալեաթ և Էնվեր փաշաները, դոկտոր Բեհաեդդին Շաքիրը և Զիյա Գյոքալփը, կրթված եվրոպացիներ էին: Նրանք աշխարհին նայում էին եվրոպական աչքերով և լավ էին հասկանում եվրոպական օրենքները, փաստել է Պողոսյանը և հավելել՝ հայ ժողովրդի բնաջնջումն իր հայրենիքից զանգվածային և սարսափեցնող արյունահեղություն էր, սակայն այդ ամենը քաղաքակրթության լուծարման արդյունք չէր: Հակառակը, այն կազմակերպված, ծրագրավորված հանցավոր արարք էր, որը հետապնդվում էր խորամանկ ու սառնասիրտ քաղաքական առաջնորդներով:

«Այս ցեղասպանությունը, որը հետագայում այսպես սահմանեց հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, անամոթ փորձ էր ամբողջապես վերակառուցելու և «թրքացնելու» այն, ինչ մնացել էր Օսմանյան կայսրությունից: Այն զգոն կազմակերպված գործողություն էր, որի կազմակերպիչները լավ գիտակցում էին նման զանգվածային հանցագործության հետևանքները: 1915 թվականի մայիսին դաշնակից տերությունները հասկացրել էին, որ երբ պատերազմն ավարտվի, «մարդկության դեմ այդ հանցագործության» պատասխանատուները պետք է եթարկվեն խիստ պատիժների: Այդ պատճառով ցեղասպանությունն այնպես էր ծրագրավորված, որ այն կարողանային քողարկել և հերքել:

Պետության կենտրոնական գործիչ և Ցեղասպանության հիմնական ղեկավար Թալեաթ Փաշան շատ ակտիվ էր այս առումով: Նա հրահանգներ էր ուղարկում տեղի մարզպետներին՝ հանձնարարելով թաղել անթիվ դիեր այնպես, որ դրանց մասին ոչ ոք չհաղորդի: Խոշոր քաղաքներում նա խուսափում էր բացահայտ ջարդերից, որպեսզի այդտեղի արևմտամետներին չհասնեին կոտորածների մասին լուրերը: Պատերազմի ստվերը քողարկում էր այդ լուրջ հանցագործությունը: Պատերազմի ավարտից հետո կարևոր ձայնագրությունները ոչնչացվել էին, իսկ հույժ պահոցներն առ այսօր կողպեքի տակ են», - գրել է Պողոսյանն ու ընդգծել, որ փաստերի աղավաղումն ու հերքումը սկսվել էր Թուրքիայի Հանրապետությունում Քեմալ Աթաթուրքի ղեկավարման օրոք՝ սկսած 1923 թվականից:

Առաջին քայլը ունեցած պատմության ջնջումն էր, ինչն արվում էր օսմանյան ղեկավարների բոլոր արձանագրությունների և ձայնագրությունների ոչնչացմամբ: Փոփոխության էր ենթարկվել թուրքերենը, արաբերենի հիմքով ստեղծված այբուբենն անցել էր եվրոպական ոճի, քաղաքներն ու գյուղերը վերանվանվել էին՝ քողարկելով իրենց ծագումը: Եվ այսպես սկսել էր գրվել մի նոր պատմություն: Թուրքիայի այս նորացված պատմությունը դասավանդում են դպրոցներում և համալսարաններում: Այստեղ անհեթեթ կերպով ժխտում էին, որ հայերը՝ այս տարածաշրջանում հազարամյակներ ապրող հինավուրց ազգը, տվյալ շրջաններում երբևէ գոյություն չէր ունեցել, բացատրել է Պողոսյանը և արձանագրել, որ 20-րդ դարի վերջին երկու տասնամյակների ընթացքում պատմության այս վերաիմաստավորումը և Ցեղասպանության անմիջական հերքումը արմատավորվել են Թուրքիայի կառավարության դիրքորոշման մեջ: Միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ փոխելու աշխարհի գիտնականների կողմից ընդունված պատմությունը:

«Թուրքիայի դիրքորոշմանն աջակցելու նպատակով հավաքագրում էին լոբբիստների և սուբսիդավորում գիտնականների: Թուրքական կառավարությունն այնքան հեռու էր հասել, որ վերջին հաշվով կոչ էր անում Պետդեպարտամենտին խոչընդոտել և արգելել «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի նկարահանումը», - գրել է նա, - « Իհարկե, Թուրքիան արդեն երկար ժամանակ է ԱՄՆ կարևոր դաշնակիցն է: Ռազմավարական տեսանկյունից, սահմանակցելով Ռուսաստանին, Իրանին և Իրաքին, ինչպես նաև Իսրայելին և արաբական նավթով հարուստ երկրներին, Թուրքիան անփոխարինելի է: Այն նաև ՆԱՏՕ-ի անդամ է: Հետևաբար Թուրքիային չզայրացնելու նպատակով՝ ԱՄՆ-ն խուսափում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Ինչու՞ է Թուրքիան համառորեն պնդում պատմության հերքումը: Պարզապես, որովհետև այն կարող է դա իրեն թույլ տալ»:

Վերջին 15 տարում ժխտողական ծրագիրը հասել է նոր մակարդակների: Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի տնօրեն Մարկ Մամիկոնյանը վերջերս բացատրել էր, որ թուրքերը սկսել են կիրառել նոր տեխնիկական միջոցներ: «Ցեղասպանության միջազգային հետազոտություններ» ամսագրում Մամիկոնյանը բացատրում է, որ մի շարք նշանավոր գիտական հաստատություններ այժմ ընդգրկված են պատմության վերաձևավորման գործում՝ վկայակոչելով մասնավորապես Յութայի համալսարանի «Թուրքագիտության նախագիծը»: Յութան արդեն մեկ տասնամյակ է հրապարակում է գիտնականների աշխատություններ, որոնց «1915-ի իրադարձությունների» ներկայացումները համընկնում են թուրքական պետության դիրքորոշմանը՝ այսպիսով գիտական լեգիտիմություն տալով Թուրքիայի ժխտողականությանը, գրել է Պողոսյանը:

«Ըստ երևույթին, այստեղ պետք է հայտնվեր բանավեճ փաստերի շուրջ: Սա մարտավարություն է, որը որդեգրել են ծխախոտ արտադրողները և նրանք, ովքեր պնդում են, թե գլոբալ տաքացումը հորինված մի բան է: Տասմյակներ շարունակ, չնայած ակնհայտ ապացույցների, ծխախոտի լոբբիստները պնդում էին, որ մենք չգիտենք բոլոր այն փաստերի մասին, որոնք կապված են ծխախոտի և առողջության հետ, երբ ճշմարտությունը պարզ է և անվիճելի: Այսպիսով, նրանք հետաձգում են ավերիչ սովորության ցանկացած տեսակի ուղղակի հակազդումը: Փաստարկ բերելով, որ «բանավեճը» դեռ շարունակվում է՝ թույլ է տալիս կասկածելու, խառնելու ջրերն ու խեղաթյուրելու հանրության հասկացությունը: Սա հենց այն է, ինչ մտադիր են անել թուրք հերքողները: Եվ նրանք հաջողությունների են հասնում», - գրել է Պողոսյանն ու հավելել, որ այսօր ցեղասպանությունը գրեթե սովորական բան է թվում:

Այն բազմիցս դրսևորվել էր Աֆրկայում, նաև Արևելյան Եվրոպայում: Ամերիկաները ստեղծվել էին հենց ցեղասպանությունների հողի վրա: ԻՊ-ի վերջին գործողությունները Մերձավոր Արևելքում գրեթե նույնն են, ինչ անում էին օսմանցիներն իրենց «Գաղտնի կազմակերպության» շրջանակներում. գլխատումներ, զոհաբերություններ և օրեցօր շատացող գյուղերի ոչնչացումներ: Չնայած Օսմանյան կայսրության ղեկավարները առաջինը չէին, որ մահվան երթեր էին կազմակերպում ու հարձակվում անմեղ բնակչության վրա, երիտթուրքերի տեխնիկական միջոցները կատարելագործված էին:

«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնապես կազմակերպված և տեխնիկապես արդյունավետ գործողությունները բնակչության սահմռկեցուցիչ ոչնչացման նախադեպն էին, որոնք պետք է տեղի ունենային 25 տարի անց նացիստների ղեկավարությամբ ամբողջ Եվրոպայում, ընդգծել է հեղինակը՝ մեջբերելով. «Ո՞վ է հիշում հայերին», – հարցնում էր Ադոլֆ Հիտլերը, երբ իր զինվորներին էր ուղղորդում «թշնամիների» դեմ:

«Արդյո՞ք հիշելու պատճառ կար: Արդյո՞ք պատճառ կա եղածը ճանաչելու: Տասնամյակներ են անցել, մի՞թե չկան ուշադրության արժանի այլ խնդիրներ: Մի՞թե պատերազմը միշտ սարսափելի չէր: Մի՞թե լեհերը, ուկրաինացիները, չինացիները, բնիկ ամերիկացիներն ու բազում այլ ժողովուրդներ ավելի շատ չեն տառապել, քան հայերը: Ինչու՞ է ընդհանրապես անհրաժեշտ ճանաչել այս մեծ ողբերգությունը: Ինձ համար այդ հարեցրի պատասխանը Նյու Յորքում գտնվող իմ բնակարանից որոշ հեռավորության վրա 15 տարի առաջ Համաշխարհային առևտրի կենտրոնում հազարավոր մահերն էին», - գրել է Պողոսյանն ու հավելել՝ հիրավի, անանունությունը բռնությամբ հասցվող մահվան ողբերգությունը մեծացնում է երկրաչափական պրոգրեսիայով: Նախնիներս հենց այդպես են մահացել: Նրանց ոսկորները թաղված են ինչ-որ անանուն գերեզմանում:

Հերքումը ցեղասպանության վերջին փուլն է: Այդ մարդկանց և նրանց պես հազարավորների մահվան հերքումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---