Փորձագետները ԵՏՄ ԿԲ արագ գործարկման անհրաժեշտության մասին

Փորձագետները ԵՏՄ ԿԲ արագ գործարկման անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) զարգացման կետերից մեկը միասնական կենտրոնական բանկի ստեղծումն է: Ըստ փորձագետների, իմաստ ունի արագացնել այդ գործընթացը: Միասնական կանոնակարգողի կառույցը Ալմաթիում տեղակայելու որոշումը միանգամայն խելամիտ է, քանի որ թույլ է տալիս նվազեցնել ԵՏՄ անդամ պետությունների զգուշավորությունը Մոսկվայի հանդեպ: Սակայն, չի բացառվում, որ այն կղեկավարի Կրեմլի թեկնածուն, գրում է Kapital.kz-ն:

ԵՏՄ Կենտրոնական բանկը պետք է ունենա նույն լիազորությունները, ինչ ԵՄ ԿԲ-ն, կարծում է բելառուսական Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների անկախ ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սոսնովը: Հակառակ դեպքում, վստահ է նա, նրա գործառույթները մշտապես հակասության մեջ կմտնեն կազմակերպության անդամների շահերի հետ: «Ինչ կլինի իրականում կորոշվի Կրեմլում»,-կարծում է փորձագետը` հավելելով, որ իր գաղափարով միասնական համակարգը պետք է նման լինի ԵՄ-ին, սակայն, հավանաբար, այն կդառնա ռուսականի շարունակությունը: «Եթե ԵՏՄ-ն հաջողությամբ զարգանա, ինչը կասկածելի է, ապա Կրեմլը մշտապես առաջ կքաշի միասնական կանոնակարգողի գաղափարը»,-ասել է Սոսնովը:

Սակայն, ըստ նրա, միասնական կանոնակարգողի իրական գործառույթներ կատարելու համար միասնական արժույթ է հարկավոր: «Վստահ չեմ, որ դրան պատրաստ են բոլոր անդամներն, ավելին, նրանց կարելի է միայն պարտադրել դա»,-ասել է նա:

Թեև ըստ ԵՏՄ նորմատիվ ակտերի, միասնական կանոնակարգողի ստեղծումը նախատեսվում է 2025-ին, սակայն իմաստ ունի արագացնել գործընթացը, քանի որ այն ոչ միայն կանոնակարգելու է միասնական ֆինանսական շուկան, այլ նաև նպաստելու է նրա ձևավորմանը, կարծում է ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ուրալի կենտրոնի փորձագետ Արինա Մորդվինովան:

Ըստ նրա, հարկ կլինի գործող ազգային ԿԲ-ների գործառույթների մի մասը փոխանցել նոր կառույցին: «Քիչ հավանական է, որ այն հենց սկզբից ստանձնի էմիսիային գործառույթը կամ միասնական դրամավարկային քաղաքականության վարումը: Այդ ոլորտները կմնան ազգային ԿԲ-ների գործառույթների շրջանակում, մինչև որ երկրների ֆինանսական ինտեգրման մակարդակը բավականին բարձր դառնա, ապահովելու համար միասնական դրամավարկային քաղաքականության հաջողությունը ԵՏՄ տարածքում` առանց վնասելու անդամ երկրների ազգային շահերին»,-ասել է փորձագետը:

Հետևաբար, ըստ նրա, ազգային ԿԲ-ները կշարունակեն գործել և կատարել իրենց գործառույթների մեծ մասը: Միևնույն ժամանակ միասնական կանոնակարգողը պետք է նույնականացնի և ներդաշնակեցնի պահանջները ֆինանսական շուկաների ոլորտում կանոնակարգման պահանջների առումով, ասել է Մորդվինովան:

«Այժմ այս հարցի շուրջ բանակցությունների համար հարթակ է հանդիսանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, սակայն այս գործառույթի փոխանցումը նոր կառույցին, որը հետագայում կստանձնի միասնական ֆինանսական շուկայի կանոնակարգման դերը, կբարձրացնի տարբեր երկների ազգային ինստիտուտների արդյունավետությունն ու փոխգործակցությունը»,-կարծում է փորձագետը:

ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի մասնակիցների հանդեպ պահանջների մշակումից բացի, վստահ է նա, միասնական մարմնի գործառույթը կլինի նաև նոր պահաջների ու կանոնների մշակումն ու դրանց կատարման վերահսկումը: «Այդ գործառույթների իրականացումը թույլ կտա փոխադարձաբար ճանաչել բանկային, ապահովագրական, արժեթղթերի ոլորտում տրված արտոնագրերը: Միայն այս փուլից հետո հնարավոր կլինի անդրազգային արտոնագրերի ինստիտուտի ձևավորումը, որոնց հաստատումն ու չեղակումը կդառնան միասնական կանոնակարգողի գործառույթները: Միայն նորմերի ու կանոնների նույնացումից հետո հնարավոր կլինի ձեռնամուխ լինել միասնական դրամավարկային քաղաքականության մշակմանն ու արժութային միության ձևավորմանը»,-ասել է ռուս փորձագետը «Капитал.kz»-ին:

Ըստ Սոսնովի, եթե ԵՏՄ-ն աշխատող կառույց դառնա, ազգային ԿԲ-ների անկախությունը սահմանափակելու անհրաժեշտություն անպայման կառաջանա, իսկ հակառակ դեպքում մշտապես դիսբալանս կհայտնվի, որը կառաջացնեն անդամ մասնակիցները:

Ալմաթիում միասնական մարմնի տեղակայումը միանգամայն խելամիտ է, քանի որ թույլ է տալիս նվազեցնել ԵՏՄ անդամ պետությունների զգուշավորությունը Մոսկվայի հանդեպ, ասել է Մորդվինովան:

«Հավանաբար, նույն սկզբունքով կընտրվի նաև միասնական կանոնակարգողը, սակայն այս փուլում դեռ վաղ է ենթադրություններ անելը ոչ միայն նրա անձի, այլև անդամ երկրի մակարդակով»,-գտնում է փորձագետը: Սոսնովն իր հերթին կարծում է, որ նոր ԿԲ-ն կեղակվարի Կրեմլի դրածոն (թեկնածուները շատ են):

Միասնական բանկային ոլորտի ձևավորման դեպքում, կարծում է Մորդվինովան, առաջին հերթին հաշվի կառնվի միջազգային փորձը, եվրոպական երկրների փորձը, իհարկե, չանտեսելով նաև եվրասիական ինտեգրման առանձնահատկությունները: ԵՏՄ-ն այս առումով որոշ առավելություն ունի, քանի որ եվրոպական փորձը թույլ կտա հաշվի առնել հնարավոր սխալներն ու նվազագույնի հասցնել դրանց կրկնությունը:

«Ինչ վերաբերում է անդամ երկրների բանկային ընկերակցությանը, ապա նրանք ստիպված կլինեն հարմարվել օրենսդրական փոփոխություններին ու միասնական ֆինանսական շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջներին: Այնուամենայնիվ, այս միտումը չի կարելի բացասական համարել, քանի որ փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մրցակցությանը, այլ նաև կընդլայնեն գործունեության ոլորտը, իսկ հեռանկարում կավելանան հաճախորդներին ներգրավելու հնարավորությունները»,-ասել է Մորդվինովան:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, միասնական կանոնակարգողի ստեղծումը զուտ ձևական չի լինի: «Ճիշտ կազմակերպման գործում միասնական կանոնակարգողի դերակատարությունը դժվար կլինի գերագնահատել»,-ասել է ռուս փորձագետը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---