«Եկամտահարկի» մասին օրենքն ընդունվել է. Ըստ Շարմազանովի՝ այն «խոպանչիների» վրա չի ազդում

«Եկամտահարկի» մասին օրենքն ընդունվել է. Ըստ Շարմազանովի՝ այն «խոպանչիների» վրա չի ազդում

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում մայիսի 7-ին ձայների 68 կողմ, 14 դեմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:

Օրենքը նախատեսում է հարկային վճարների իջեցում 13 տոկոս դրույքաչափի այն օտարերկրյա կազմակերպությունների համար, որոնք կգրանցվեն ՀՀ-ում։

Նախքան 2-րդ ընթերցմամբ կքվեարկվեր «Եկամտահարկի» ու «Շահութահարկի» մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների աղմկահարույց նախագծերը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ «օրենքի նախագիծը չի ազդում, ժողովրդական լեզվով ասած, խոպանչի մեր հայրենակիցների վրա»:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանն էլ նկատել է, որ օրենքը խթանում է արտագաղթը և նպաստում է Ռուսաստանի պետական շահերին, ի հակառակ այն պատկերացման, որ Ռուսաստանը պետք է դեմ լիներ, որ Հայաստանում է կատարվում իր երկրում աշխատանքներ իրականացրած վարձու բանվորական ուժի եկամտահարկից գանձումները:

Ավելին, կոնկրետ Ռուսաստանը, ըստ Արամ Մանուկյանի, իր երկրում երկու խնդիր է ուզում լուծել՝ դեմոգրաֆիական և աշխատուժի:

«Հատկապես ռուբլու անկումից հետո»,-ավելացրել է պատգամավորը: Իսկ այդ հարցում թերահավատներին Արամ Մանուկյանն առաջարկել է գնալ և դիտել ՌԴ-ի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի երկար հերթերը:

Նրա խոսքով, նախկինում Հայաստանից բանվորական աշխատուժի արտահանումը կատարվում էր «Հայրենակիցներ»-ի, անհատների, ֆիզիկական անձանց մակարդակով, ոմանց արտագաղթելու ճանապարհից կանգնեցնում էին հնարավոր խոչընդոտները, անհարմարությունները: Սակայն հիմա, երբ դա կատարվելու է օրինական ճանապարհով և շատ ավելի մեծ սոցիալական ու տնտեսական երաշխիքներ է տրամադրելու արտագնա աշխատանքի մեկնողներին, ապա հոսքն այստեղից Ռուսաստան շատ ավելին է լինելու:

«Ամբողջ ֆայլաբազարը կտեղափոխվի Ռուսաստան»,- հավելել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծի հիմնավորման մեջ նշվում է.

««Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը և կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով: Մյուս կողմից նաև լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաև շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ»:

Կարդացեք նաև՝Փոխնախարար. «Եկամտահարկի մասին» նոր օրենքն արտագնա աշխատողների եկամուտների վրա չի ազդի

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---