Երևանն ու Բաքուն կքննարկեն ղարաբաղյան խնդիրը Ռիգայի գագաթնաժողովում

Երևանն ու Բաքուն կքննարկեն ղարաբաղյան խնդիրը Ռիգայի գագաթնաժողովում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 21-22-ին, հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:

Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրին Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին:

«Լեռնային Ղարաբաղի պարագայում ընթանում է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որտեղ նախագահում են մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները: Սա այն սակավաթիվ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք միանգամայն վստահ ենք, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են կարգավորման համար: Սակայն, ցավոք, դա շատ բարդ հարց է»,-ասել է եվրոպացի պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Փարիզում 2014-ի հոկտեմբերի 27-ին: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար վերջին շրջանում արդեն երրորդն էր:

Մինչև այդ` սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի ունեցավ երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---