Ուորլիք. Սարգսյան-Ալիև հանդիպում Ռիգայում չի նախատեսված, բայց կարող է կայանալ

Ուորլիք. Սարգսյան-Ալիև հանդիպում Ռիգայում չի նախատեսված, բայց կարող է կայանալ

PanARMENIAN.Net - «Բռնության աճը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին նախորդ տարի շատ մտահոգիչ էր և վկայում է, որ միջնորդները չեն կարողացել առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է Report.az-ը:

Համանախագահը նշել է, որ միջնորդներն ակտիվ աշխատում են ԱԳ նախարարների հետ` նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: «Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է կանոնավոր հանդիպումներ ունենան բանակցային գործընթացի շրջանակում` համալրելով նախագահների հանդիպումները: Կոնկրետ ժամկետներ դեռ չկան, սակայն համանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան»,-հայտարարել է Ուորլիքը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում` Ուորլիքը հայտարարել է, որ նման հանդիպում նախատեսված չէ: «Բայց եթե նախագահները ցանկանում են հանդիպել և քննարկել խաղաղությանն ուղղված քայլեր, համանախագահները միշտ պատրաստ են աջակցել»,-ասել է նա:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 21-22-ին: «Լեռնային Ղարաբաղի պարագայում ընթանում է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որտեղ նախագահում են մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները: Սա այն սակավաթիվ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք միանգամայն վստահ ենք, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են կարգավորման համար: Սակայն, ցավոք, դա շատ բարդ հարց է»,-ասել է եվրոպացի պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին անգամ հանդիպել են 2014-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում՝ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա Ֆրանսիայի նախագահի հետ եռակողմ ձևաչափով: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Փարիզյան հանդիպումը 2014 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումն էր։ Առաջինը օգոստոսի 10-ին էր Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, մյուսը՝ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---