Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մերժվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մերժվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

PanARMENIAN.Net - Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մայիսի 13-ին լսումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով։ Ինչպես փոխանցում է La Vanguardia իսպանական պարբերականը՝ Սենատը մերժել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:

Նիստի ժամանակ քվեարկության է դրվել միջնորդագիր՝ ուղղված Ւսպանիայի կառավարությանը, որում կոչ է արվում հստակ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, հայտնում է Tert.am-ը:

Մայիսի 4-ին այն Սենատի դիտարկմանն էր ներկայացրել կատալոնական Entesa քաղաքական միավորումը: Այդուհանդերձ, միջնորդագրի օգտին քվեարկել է 14 պատգամավոր, դեմ` 130-ը, իսկ 68-ը ձեռնպահ է մնացել: Դեմ է քվեարկել իշխող «Ժողովրդական կուսակցություն» խմբակցությունը (Parlamentario Popular, PP), որը Սենատում մեծամասնություն է կազմում, ինչի արդյունքում էլ միջնորդագիրը մերժվել է:

Նշվում է, որ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող բանախոսները միասնական կարծիք են հայտնել, որ տեղի ունեցածը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է և որ յուրաքանչյուրը կիսում է հայ ժողովրդի ցավը:

Ապրիլին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջեց ճանաչել այն, ինչպես նաև կոչ արեց «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»:

Ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Մարտի 30-ին իսպանական Չիրիվեյա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Մարտի 26-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Պինտո քաղաքը, դրանից առաջ՝ մարտի 17-ին Բետերա քաղաքը, իսկ հունվարի վերջին` Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: 2014-ի հունիսին Իսպանիայի՝ հիմնականում բասկերով բնակեցված Նավարա ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր՝ դառնալով Ցեղասպանությունը ճանաչած չորրորդ շրջանն Իսպանիայում՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---