«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» հանրային խումբը կոչով դիմել է ուսանողներին

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» հանրային խումբը կոչով դիմել է ուսանողներին

PanARMENIAN.Net - «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» հանրային խումբն այսօր՝ մայիսի 15-ին, կոչով դիմել է բուհերի ազատ ուսանողներին:

ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտ ժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտ ժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտ ժ-ից` 48.93 դրամ/կՎտ ժ:

«ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բժշկականի ու այլ համալսարանի ազատ ուսանողներ, դուք կարող եք դառնալ շատ հզոր շարժիչ ուժ ։Ակտիվացեք, միացեք պայքարին»,- նշված է հանրային խմբի ֆեյսբուքյան էջում:

Մայիսի 14-ին Երևանի Ազատության հրապարակում «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» հանրային խումբը կազմակերպել էր հոսանքի սակագնի բարձրացման հարցով հանրային քննարկում և իրազեկման երթ, որի ավարտին հայտարարվեց, որ փողոցային պայքարը հոսանքի թանկացման դեմ միակ միջոցն է, որի առաջին քայլը սկսում են փողոցներով ու բակերով քայլերթով, ինչպես նաև ծանուցման թռուցիկներով, որոնք պետք է փակցվեն ամենուր՝ բակերում, շքամուտքերում, վերելակներում:

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ծանր հետևանքներ կարող է ունենալ, որևէ լավ բանի չի բերելու: Սակայն եթե առկա խնդիրները համալիր քննարկվեն, գտնվեն ճիշտ լուծումներ, կարելի է արդյունքի հասնել», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա ընդգծել է, որ համակարգային սխալների պատճառով բնակչությունը չպետք է պատասխան տա չարած գործի համար, գրում է Panorama.am-ը:

Մելքումյանի խոսքով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր ունի շուրջ 250 միլիոն դոլար պարտք, որից միայն 24 միլիարդ դրամն է խաթարում կանոնավոր աշխատանքը: Այդ պարտքի մի մասը, ըստ նրա, պետությունը ժամանակի ընթացքում փոխհատուցել է: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ պարտքը կուտակվել է ատոմակայանի կանգ առնելու, սակավաջուր տարի լինելու, տեխնիկական խնդիրների առաջացման հետևանքով:

«Այսօր էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը ձեռք է բերվում ջերմային էլեկտրակայաններից, որոնց արտադրած էլեկտրաէներգիան թանկ է»,- ասել է նա:

Միքայել Մելքումյանը նշել է, որ պետք է փոխվի սակագնի մեթոդաբանությանը, կատարվեն նաև մի շարք այլ քայլեր: Նա իր առաջարկությունները ներկայացրել է պատկան մարմիններին:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մայիսի 14-ին հայտարարել է, որ ՀԷՑ-ի՝ մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը, որով առաջարկում էէլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով, բավարար հիմք չէ նման որոշման ընդունման համար:

«Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց կառույցը ստեղծվել է, որպեսզի կարողանա այդ խնդիրներին մասնագիտական գնահատական տալ: «Համբերեք, դուք այդ պատասխանը կստանաք»,- հոդորել է Ռոբերտ Նազարյանը և հայտնել, որ ՀԷՑ-ի հայտը դեռ վարույթ չեն ընդունել, հետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերենով է ներկայացրել։ Եվ մինչ սակագինը որոշող մարմինը սպասում է սխալները շտկած հայտին, ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։

Միևնույն ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 13-ին հայտարարել է, թե սակագնի վերանայման համար ներկայացված առաջարկները հիմնավոր են.

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 37,6 մլրդ դրամի վնաս է կրել՝ ՀԱԷԿ-ի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտման պատճառով, որոնց համար ընկերությունը պատասխանատու չէ: Ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում:

Նա նշել է, որ սակագների փոփոխության ուղղությամբ աշխատանքները տարվում են ՀԷՑ-ի ներկայացված հայտի հիման վրա և բացի կորուստներից, վերջին մեկ-երկու տարում առկա է նաև ռուբլի-դոլար հարաբերակցության ազդեցությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---