Շարմազանով. Միայն դատապարտելով ցեղասպանությունները՝ մենք կարող ենք փակել դռները նորերի առջև

Շարմազանով. Միայն դատապարտելով ցեղասպանությունները՝ մենք կարող ենք փակել դռները նորերի առջև

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 19-ին Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը, Աթենքի Սինտագմա հրապարակում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ելույթում մասնավորապես ասվում է. «Այսօր՝ մայիսի 19-ին, մենք հիշում ենք 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը: 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական և ամոթալի էջերից մեկը եղել է Թուրքիայի կողմից քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը:

Այսօր միաբանվելով հին Էլլադայի ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող Աթենքի սրտում՝ ի լուր ողջ աշխարհի հայտարարում ենք մեր հավատարմությունը ցեղասպանության միջազգային դատապարտմանը և ընդդեմ թուրքական ժխտողականությանը:

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից: Պատահական չէ, որ 1915 թվականի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշան լկտիաբար հայտարարեց, որ հույների խնդիրը կլուծի նույն կերպ, ինչպես լուծեց հայերինը:

Նույն այդ օրերին Զմյուռնիայում բարձրացավ հույն ժողովրդի բնաջնջման առաջին ալիքը: 1919 թվականի մայիսի 19-ին Քեմալ Աթաթուրքը Սամսունում սկիզբ դրեց Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության երկրորդ ալիքին: Նրա հրամանով այրվեցին Զմյուռնիայի հունական և հայկական թաղամասերը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր հույներ և հայեր: Պատահական չէ, որ Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի աղետի մասին նշել է՝ Քեմալն այն մոխրի վերածեց՝ բնաջնջելով ողջ քրիստոնյա բնակչությանը: Քեմալն իր հերթին լկտիաբար հայտարարեց, որ այլևս Թուրքիան ազատվել է օտարներից և պատկանում է միայն թուրքերին:

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն ու պահանջատիրությունն է: Մենք հիշում ենք Ցեղասպանության անմեղ զոհերին, բայց նաև պետք է պահանջենք ցեղասպանությունների և մասնավորապես Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչումը: Միայն դատապարտելով մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները՝ մենք կարող ենք փակել բոլոր դռները նոր ցեղասպանությունների առջև: Այսօր՝ մայիսի 19-ին՝ Օսմանյան Թուրքիայում հույն ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրը, մենք մեր վճռական «ոչ»-ն ենք ասում թուրքական ժխտողականությանն ու ցեղասպանությանը, և մեր վճռական «այո»-ն՝ ցեղասպանություն երևույթի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը»:

Մարտի 25-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը մարտի 24-ին նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ օրենքի լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

Ըստ հեղինակների, այս փոփոխությամբ կհարգվի բոլոր ցեղասպանությունների զոհ դարձածների հիշատակը: Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը և սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:

«Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել է ավելի քան 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով»,-ասվում է փաստաթղթում:

Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---