ԱՄՆ Կոնգրեսում կքննարկեն ՀՀ-ին ու ԼՂՀ-ին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցը

ԱՄՆ Կոնգրեսում կքննարկեն ՀՀ-ին ու ԼՂՀ-ին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովն այս շաբաթ կքննարկի 2016թ. ֆիսկալ տարվա բանաձևը, որն իր մեջ ներառում է նաև Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն օգնության տրամադրման հարցը:

Ինչպես նշում է asbarez.com-ը՝ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղումով, նախքան չորեքշաբթի կայանալիք քվեարկության ավարտը հնարավոր չէ պարզել, թե Հայաստանին ու ԼՂ-ին ֆինանսական օգնության ինչ չափ է հատկացված: Սակայն ANCA-ն փորձում է հայամետ օրենսդիրների միջոցով այնպես անել, որ ԱՄՆ-ի իշխանությունները ԼՂ-ի զարգացման համար հատկացնեն առնվազն 5 մլն դոլար, իսկ Հայաստանի տնտեսության զարգացման համար` առնվազն 40 մլն դոլար, հայտնում է Tert.am-ը:

ANCA-ն ցանկանում է, որ ԱՄՆ-ն ձեռք մեկնի Հայաստանին հազարավոր սիրիահայերի ու պատերազմական վիճակում գտնվող Սիրիայից արտագաղթած այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին օգնելու հարցում:

Նրանք նաև պահանջում են, որ Միացյալ Նահանգները զրոյական օգնություն ցուցաբերի Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը վերջ չի տվել իր տարածաշրջանային ագրեսիային: Ինչ վերաբերում է Վրաստանին տրամադրվելիք օգնությանը, ապա ANCA-ն պահանջում է, որ դրա առնվազն 10 տոկոսը հատկացվի հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է 2016-ի բյուջեի շրջանակում ռեկորդային չափով նվազեցնել Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափը:

Օբաման առաջարկել է 2016-ի համար $18.360.000 հատկացնել Հայաստանի տնտեսության աջակցության հիմնադրամին: Եվ եթե Կոնգրեսն այս առաջարկը հավանության արժանացնի, ապա դա կլինի ՀՀ անկախության տարիներից ի վեր նվազագույն տնտեսական օգնությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Օբամայի առաջարկած գումարի չափը $2 մլն-ով պակաս է նախորդ անգամ հատկացված գումարից:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Նահանգների նախագահի վարչակազմի այս քայլը, բայց միևնույն ժամանակ ողջունել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության չափը հավասար է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ամերիկյան կողմը որևէ ֆինանսական օգնություն չի նախատեսել: 2016 թվականի բյուջեի նախագիծը Բարաք Օբաման Կոնգրես է ուղարկել փետրվարի 2-ին: 2013-ին Հայաստանին հատկացվել էր 35, 7 մլն դոլար, 2014-ի տվյալները դեռ չեն հրապարակվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---