Բողոքի ակցիա էլէներգիայի թանկացման դեմ. Պահանջելու են ՀԷՑ-ում գողության և չարաշահումների առթիվ քրգործ հարուցել

Բողոքի ակցիա էլէներգիայի թանկացման դեմ. Պահանջելու են ՀԷՑ-ում գողության և չարաշահումների առթիվ քրգործ հարուցել

PanARMENIAN.Net - «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Երիտասարդական միությունը հունիսի 10-ին Հանրապետության հրապարակում, էներգետիկայի նախարարության և կառավարության առջև կազմակերպելու է բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի շրջանակում:

«Հիմնական պահանջներից է լինելու ՀԷՑ-ում՝ ըստ նախարար Զախարյանի հայտարարության, տեղի ունեցած գողության և չարաշահումների առթիվ քրեական գործ հարուցելն ու մեղավորներին պատժելը: ՀԷՑ-ի լկտիացած պաշտոնյաների գործողությունների ու երկրի իշխանությունների թողտվության արդյունքում ժողովուրդը չի վճարելու»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Կուսակցության Երիտասարդական միության խորհրդը կոչ է անում բոլոր երիտասարդներին, քաղաքական ուժերի երիտասարդական կառույցներին և հասարակական կազմակերպություններին միանալու այդ օրը ամբողջ ժողովրդին հուզող խնդրի շուրջ պայքարին:

ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

Հունիսի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի, սակայն դեռ հայտնի չէ՝ որքան: Նա նշել է, որ հունիսի 9-ին կամ 10-ին կհայտնեն սակագնի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

«Ունենք բոլոր կայանների հայտերը, ունենք ՀԷՑ-ի հայտը, սահմանված կարգով նայել ենք` արդյոք այդ հայտերը, որոնք ներկայացված են, համապատասխանում են մեր կարգերին, թե` ոչ: Բոլորդ տեղյակ եք, որ մենք ընդունել ենք ի վարույթ բոլոր հայտերը, և հայտերն ամբողջությամբ դրված են մեր ինտերնետային կայքում, ոչ մի թերթիկ չի պակասում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի մտնելով կայք, տեղեկանա հայտերի բովանդակությանը: Մենք մինչև 88 օր ուսումնասիրության ժամկետ ունենք, թեպետ, ժամկետը երկար է, բայց, կարծում եմ, մենք մեկ շաբաթ հետո` ամսի 9-ին կամ 10-ին, կհայտնենք մեր դիրքորոշումը սակագնի վերաբերյալ, որը ևս կտեղադրվի մեր կայքում, որպեսզի բոլորը ծանոթանան դրա հետ»,- ասել է Նազարյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---