Թուրք պրոֆեսորը «Մեծ եղեռն» արտահայտության օգտագործումը Թուրքիայի համար աղետալի է համարում

Թուրք պրոֆեսորը «Մեծ եղեռն» արտահայտության օգտագործումը Թուրքիայի համար աղետալի է համարում

PanARMENIAN.Net - «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի հանդեպ է տեղի ունեցել» ասող Հռոմի պապից և Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունելուց հետո Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները վատացան, գրում է թուրք պրոֆեսոր Մեհմեթ Սեյֆեթթինը, ում հոդվածը փոխանցում է Hye Tert-ը։

Մյուս կողմից՝ «պատմական հիշողության» կարևորությունը հայտնվեց Թուրքիայի օրակարգում, գրում է նա: «Այնինչ մինչ երեկ մեր պատմական հիշողությունը ջնջելու համար լայնածավալ արշավ էր սկսվել: «Պատմական իրողություններին առերեսվելու», «համատեղ ցավերը կիսելու» մասին արտահայտությունները տարածվեցին: Մեդիայի և քաղաքացիական հասարակության որոշ խմբեր աջակցում են հայկական լոբբիի առաջ քաշած թեզերին, և նրանց ձևակերպումներն արդեն սկսել են օգտագործվել Թուրքիայում»,-գրում է հոդվածագիրը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից 2009 թվականի ապրիլի 24-ից հետո օգտագործված «Մեծ աղետ» արտահայտությունը Թուրքիայում սկսված «ներողության արշավի» կողմից օգտագործվեց:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ եղեռն» արտահայտությունը, սակայն այս անգամ հիշատակեց նաև 1915-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաև «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:

Այնինչ այդ արտահայտությունը հայերի կողմից 1915-ի դեպքերը բնութագրելու համար օգտագործվող «Մեծ եղեռն» արտահայտության թարգմանությունն է, և ցեղասպանության իմաստ ունի:

Հեղինակն այդ արտահայտության օգտագործումը Թուրքիայի համար աղետալի է համարում: Նրա համոզմամբ՝ առաջիկայում Թուրքիան առավել ծանր իրավիճակում է հայտնվելու, և Անկարայի գործն ավելի է բարդանալու:

Հոդվածագրի համոզմամբ՝ այս հարցն ավելին է, քան հայերի և թուրքերի միջև առկա խնդիր:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---