Որոտանի ՀԷԿ-ը դեռ չի վաճառվել. Փոխնախարարը տեղյակ չէ՝ ինչու

Որոտանի ՀԷԿ-ը դեռ չի վաճառվել. Փոխնախարարը տեղյակ չէ՝ ինչու

PanARMENIAN.Net - Որոտանի ՀԷԿ-ը դեռ չի վաճառվել, հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Նրա խոսքով՝ լսել է Որոտանի վաճառքի մասին, որը պետք է տեղի ունենար հունիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, բայց վաճառքը դեռևս չի կայացել, իսկ թե ինչու՝ տեղյակ չէ:

Դեռ մայիսի 20-ին ԱԺ-ում նախարար Երվանդ Զախարյանը նշել էր, որ վաճառքի գործընթացը վերջնական փուլում է։ ՀՀ կառավարության և գնորդ ընկերության միջև երկար քննարկումների արդյունքում վերացվել են բոլոր խոչընդոտները, և պայմանագրի վերջնական տարբերակը հանձնվել է ամերիկյան կողմին՝ ստորագրման։

Գերատեսչության ղեկավարի խոսքով, մոտ օրերին պայմանագրի շուրջ վերջնական համաձայնություն պետք է ձեռք կբերվեր, որից հետո այն կներկայացվի ստորագրման հայկական կողմին։ Նա հավելել էր նաև, որ վաճառվում է «Որոտան» բաժնետիրական ընկերության գույքը, այլ ոչ թե ինքը՝ ընկերությունը:

Կառավարությունը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները 2014-ի հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ 70 մլն դոլար:

Հարցին, թե ինչպես է վերաբերում «Գազպրոմին» Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքին, փոխնախարարն ասել է. «շատ հանգիստ», գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ ամբողջ գազամատակարարման և տրանզիտային ցանցը «Գազպրոմ Արմենիայի» ենթակայության տակ է` որպես սեփականություն: Միայն մի փոքրիկ հատվածը՝ Քաջարան-Մեղրին, գտնվում էր «Բարձրավոլտ ցանցեր» ընկերության բալանսում, սակայն այն գազամուղներով չի զբաղվում:

Հունիսի 3-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն է, որը պետական ընկերություն է։ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի Մեղրի - Քաջարան40 կիլոմետրանոց հատվածը:

«Այսինքն, «Բարձրավոլտ ցանցեր» ընկերությունը չի կարող մասնագիտական առումով ոչ շահագործումն ապահովել, ոչ ծախսերը կազմակերպել: Ես` որպես մասնագետ, համարում եմ, որ ճիշտ է այն վաճառել այն կազմակերպությանը, որը մասնագիտացված է այդ ոլորտում: Եթե քաղաքական դաշտում եք նայում, դա այլ հարց է»,- ասել է Գալստյանը: Հարցին, թե չի խանգարի արդյոք «Գազպրոմը», եթե Հայաստանը ցանկանա Իրանի հետ գործարքներ կնքել գազի հարցով, փոխնախարարը նշել է, որ այդ ընկերությունը ոչ մի լծակով չի կարող խանգարել Հայաստան-Իրան հարաբերություններին, քանի որ ամեն ինչ լիցենզավորման դաշտում է:

Իրան-Հայաստան գազատարը կառուցվել է 2008 թ. հոկտեմբերին։ Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո։ Տարվա կտրվածքով այն ունի 2.3-2.5 մլն խմ թողունակություն։ Փոխարենը Հայաստանը էլեկտրական էներգիա է մատակարարում Իրանին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---