Քրիստոնյաները կյանքով են վճարում իրենց հավատքի համար. ԵՀԽ Գործադիր կոմիտեի նիստը մեկնարկել է

Քրիստոնյաները կյանքով են վճարում իրենց հավատքի համար. ԵՀԽ Գործադիր կոմիտեի նիստը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առթիվ:

Ժողովականներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և նրա գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվայթին՝ հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն մշտապես ցուցաբերվող բազմակողմանի աջակցության համար, որ դրսևորվել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրված ջանքերում, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Գարեգին Բ կաթողիկոսը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կարևոր նշանակություն ունի նաև առաջիկայում Ժնևում կայանալիք էկումենիկ գիտաժողովը՝ ԵՀԽ բարձր հովանու ներքո:

«Մեր ժողովրդի և մեր երկրի կյանքում 2015 թվականը նվիրական է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդով: Այս առթիվ Հայաստան այցելեցին կրոնական, պետական ու միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում և հոգևոր առաջնորդներ: Մենք խոր մխիթարություն ապրեցինք, երբ Մեր հոգևոր եղբայրները, բարեսեր անհատներ իրենց զորակցությունը բերեցին մեր ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների հիշատակին և արտահայտելով իրենց նվիրվածությունն առանց բռնությունների աշխարհ կերտելու տերունապատվեր առաքելությանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի հանդեպ նման վերաբերմունքը Մենք ընդունում ենք նաև որպես ջանք և վճռականություն՝ պայքարելու մարդկության դեմ գործված ու գործվող ոճիրների, որոնցից շատեր մեր օրերում շարունակում են ուղեկցվել կրոնի և Աստծո անվան շահարկմամբ՝ որպես կրոնական ֆունդամենտալիզմի դրսևորումներ: Շատ քրիստոնյաներ, հատկապես Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և աշխարհի այլ մասերում կյանքով են վճարում իրենց հավատքի համար: Հիշյալ հարցերը կենտրոնական տեղ ունեն մեր առաքելության մեջ», - ասել է Գարեգին Բ-ն:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---