ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է «կեղտոտ միջուկային ռումբ» ստեղծելու ԻՊ հնարավորությամբ

ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է «կեղտոտ միջուկային ռումբ» ստեղծելու ԻՊ հնարավորությամբ

PanARMENIAN.Net - ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը չի բացառել, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները կարող են միջուկային նյութեր ձեռք բերել այսպես կոչված «կեղտոտ միջուկային ռումբի» արտադրության համար:

«Մոտ 5 տարի առաջ ես որպես Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար զգուշացրել էի, որ խնդիրն այն չէ, որ ահաբեկիչները կարող են միջուկային զենք ստանալ, այլ այն, որ, միջուկային նյութեր հայթայթելով, կարող են «կեղտոտ միջուկային ռումբ» ստանալ»,-հայտարարել է Նովիկովը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

Նովիկովը կարծում է, որ ահաբեկիչների կողմից «կեղտոտ միջուկային ռումբի» պայթեցումը կարող է մեծ խուճապ առաջացնել: «Այս դեպքում ոչ այնքան ավերիչ հետևանքներն են վտանգավոր, որքան համաշխարհային խուճապը»,-գտնում է Նովիկովը:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը: Նա հայտարարեց, որ Իրաքի և Սիրիայի գրավյալ քաղաքներում գրոհայինները ռադիոակտիվ նյութեր են հավաքում բուժհաստատություններում և գիտական կենտրոններում, ուստի «մտավախություն կա, որ նրանք մտադիր են մեծ «կեղտոտ ռումբ» սարքել», մեջբերել է ԱԳ նախարարին Australian թերթը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին չի բացառել, որ սիրիական ընդդիմությունը կարող է քիմիական զենք ստանալ և կիրառել: «Ընդդիմության որոշ տարրեր, հավանաբար, ինչ-որ ժամանակ հասու են եղել քիմիական զենքին, ինչպես նաև կարող են կիրառել այն որոշակի պահի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Այնուամենայնիվ, Քերին վստահ է, որ «քիմիական գրոհների մեծ մասը Ասադի ռեժիմն է իրականացրել»: «Նրա գրոհների մեծ մասը փաստագրված են`դրանք իրականացվել են ինքնաթիռներից, որոնք ընդդիմությունը չունի»,-ասել է նա: Քերին ասել է նաև, որ Ասադը ԻՊ գրոհայինների դեմ կռվելու փոխարեն, «ռումբեր է նետում Հալեպի խաղաղ բնակիչների վրա»` հավելելով, որ այդ հարցին է անդրադարձել ՌԴ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---