Freedom House. Ժողովրդավարության մակարդակով Ադրբեջանը զգալիորեն զիջում է Հայաստանին

Freedom House. Ժողովրդավարության մակարդակով Ադրբեջանը զգալիորեն զիջում է Հայաստանին

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային փուլի երկրները» ամենամյա զեկույցը, որտեղ վերլուծվում է տարբեր շրջանների 29 երկրների վիճակը՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա։

Freedom House-ը գնահատում է կոնկրետ երկրում առկա դրությունը 7 հիմնական ցուցիչներով (ընտրական գործընթացը, քաղաքացիական հասարակության վիճակը, մամուլի ազատության աստիճանը, կոռուպցիայի մակարդակը, կառավարման որակը և այլն), տեղեկացնում է Tert.am-ը contact.az-ի վրա հղումով։

Գնահատական է տրվում 7 բալանոց սանդղակով, որտեղ 7-ն ամենավատ միավորն է։

Համաձայն զեկույցի՝ Էստոնիայի միավորը 1.96 բալ է, Լատվիայինը՝ 2.07, Լիտվայինը՝ 2.36, Վրաստանինը՝ 4.64, Ուկրաինայինը՝ 4,75 (բարելավվել է 4 ոլորտներում), Մոլդովայինը՝ 4.86, Հայաստանինը՝ 5.36, Ղրղզստանինը՝ 5,93 (վատացել է իրավիճակը քաղաքացիական հասարակության ոլորտում), Տաջիկստանինը՝ 6,39 (երկու ոլորտներում անկում է գրանցել)։ Ռուսաստանը ստացել է 6.46 բալ (բացասական զարգացում՝ 4 ոլորտներում), Ղազախստանը՝ 6.61, Բելառուսը՝ 6.71, Ադրբեջանը՝ 6.75 (վատացել է իրադրությունը քաղաքացիական հասարակության և դատական ոլորտներում), Թուրքմենստանն ու Ուզբեկստանը՝ 6.93 բալ։

Հայաստանը 5,36 միավորով զգալիորեն գերազանցել է Ադրբեջանի ցուցանիշը: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն արագ աճ է գրանցել Ինտերնետի հասանելիության ոլորտում, հարուցված են քրեական գործեր պաշտոնյաների դեմ կոռուպցիայի մասով, առաջընթաց է գրանցվել ընտրությունների անցկացման գործընթացում: Ընդհանուր առմամբ Հայաստանում ժողովրդավարության գնահատականը երրորդ տարին շարունակ կայուն է մնում:

Ավելի վաղ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել էր ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում: Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:

Պատժամիջոցներ սահմանելուց բացի, իրավապաշտպանները պահանջում են նաև Ադրբեջանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին, հարգել լրագրողների իրավունքները իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնելիս, դադարեցնել ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքի անդամներին հետապնդումների ենթարկելը: Հատկանշական է, որ իրավապաշտպանները իրենց մտահոգությունները հայտնելիս շեշտում են այն հանգամանքը, որ Ադրբեջանում իրավունքների և ազատությունների սահմանափակումները լայնամասշտաբ բնույթ կարող են ստանալ այս տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ արեց ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---