ՀԾԿՀ-ն մտադիր չէ վերանայել էլէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը` անկախ բողոքներից

ՀԾԿՀ-ն մտադիր չէ վերանայել էլէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը` անկախ բողոքներից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) չի քննարկում ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշումը վերանայելու հնարավորությունը, անկախ բողոքի ցույցերից:

«Մենք այնպիսի որոշում չենք կայացրել, որը շտկման կարիք ունի»,-ասել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը, հայտնում է Ինտերֆաքսը:

Նա նշել է, որ ՀԾԿՀ-ն անկախ մարմին է, որը տնտեսապես հիմնավորված որոշումներ է կայացնում երկար քննարկումների արդյունքում:

«Սոցիալական բեռի հարցը Հանձնաժողովի իրավասությունից դուրս է: Հարկավոր է պահպանել տնտեսական հավասարակշռությունը, այսինքն` հուսալի և որակյալ ծառայության համար հարկավոր է իրականացնել համաչափ վճարումներ»,-հայտարարել է Ստեփանյանը:

«Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ին 100 տոկոսով պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում հայտնել են, որ ընկերությունը չի դիտարկում էլէներգիայի սակագների բարձրացման հայտը հետ կանչելու տարբերակը: «Հարցը ոչ միայն մեր ընկերությանն է առնչվում: Հայտով ՀԾԿՀ էին դիմել նաև ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրող ընկերությունները»,-ասել է ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:

Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող մի շարք ընկերություններ մայիսին դիմել էին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաքվող էլեկտրաէներգիայի և հզորության ամսական վճարի վերանայման նպատակով։ էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի վերանայման հայցով հանդես եկան բաշխիչ ցանցերը, և, որպես այս ամենի ամփոփում՝ վերջնական արտադրանքը սպառողին վաճառող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:

Վերջինը, հաշվարկելով իր կրած վնասները և իրականացվելիք աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ճեղքվածքի փակման համար ներգրավված վարկային միջոցների սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջարկել էր Հանձնաժողովին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով՝ դարձնելով, համապատասխանաբար, 58 և 48 դրամ ցերեկային ու գիշերային սպասարկման դիմաց։ Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարել է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

Մինչդեռ, Երևանում շարունակվում է Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները հունիսի լույս 24-ի գիշերն անցկացրել են Բաղրամյանի պողոտայում: Գիշերը խաղաղ է անցել, ոստիկանությունը ցույցը ցրելու փորձեր չի ձեռնարկել: Պիկետի մասնակիցները, իրենց հերթին «բարիկադներ են» սարքել մեծ աղբամաններից:

Գիշերը ցույցին են միացել շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական կուսակցություններից պատգամավորներ, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ից, որոնք կենդանի պատ են կազմել ցուցարարների և ոստիկանության միջև` բացառելու համար բռնությունը: Ցուցարարների դժգոհությունն է առաջացել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայությունը:

Իրավապահ մարմինները հուսով են, որ պատգամավորները կհամոզեն ցուցարարներին բացել պողոտայի երթևեկելի մասը: Երևանի ոստիկանապետ, գեներալ մայոր Աշոտ Կարապետյանն ասել է, որ այժմ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում, սակայն եթե Բաղրամյանի պողոտան չբացվի, իրավախախտները պատասխանատվության կենթարկեն ակցիայի մասնակիցներին: «Ոստիկանությունը գործելու է բացառապես օրենքի սահմաններում»,-ասել է նա: Իր հերթին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ իրենք չեն միջամտելու, քանի դեռ ակցիան խաղաղ է:

Գիշերը ակցիայի մասնակիցները պահանջել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղիղ եթերում հայտարարի, որ չեղարկում է սակագների բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Ցուցարարները կոչ են արել բողոքի ակցիաներ ու ցույցեր անցկացնել Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում Գյումրիի օրինակով, որտեղ նստացույց է ընթանում: Ավելի վաղ ոստիկանությունն առաջարկել էր 5 ցուցարարի հանդիպել ՀՀ նախագահի հետ առկա խնդիրների քննարկման համար, սակայն մասնակիցները հրաժարվել են հանդիպումից:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրեց հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեց 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---