ՄԱԿ-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին և ցուցարարներին ձեռնպահ մնալ բռնությունից

ՄԱԿ-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին և ցուցարարներին ձեռնպահ մնալ բռնությունից

PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն առ այն, որ երկրի կառավարությունը հավատարիմ է «ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը» և կոչ է անում ցուցարարներին և իշխանություններին ձեռնպահ մնալ բռնությունից: Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն այնպես անել, որ այդ հավատարմությունն իրացվի ի պատասխան այդ բողոքների, և կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական երկխոսություն սկսել և ձեռնպահ մնալ բռնությունից»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Շամդասանիի, ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը մտահոգված է «ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդագրություններով, այդ թվում նաև լրագրողների դեմ» Երևանում հունիսի 23-ի բողոքի ցույցի ժամանակ` կոչ անելով «իշխանություններին մանրակրկիտ և արագ հետաքննել այդ միջադեպերը»: «Կառավարությունը պետք է ապահովի, որ կարգապահության պահպանումը ցույցերի ժամանակ խստարեն համապատասխանի միջազգային նորմերին ու մարդու իրավունքների չափանիշներին»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Հունիսի 25-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքը կոչ է արել Հայաստանի իշխանություններին` հարգել Երևանի կենտրոնական հատվածում խաղաղ ցույցին մասնակցողների խաղաղ հավաքների ազատության իրավունքը, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, պարտավորվել է պաշտպանել և խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և պետք լիովին հարգի Երևանում ցուցարարների իրավունքները՝ այդ ազատությունն իրականացնելու համար», – ասել է Լինքը։

Նրա խոսքերով` իրավապահ մարմինների գործողությունների, այդ թվում՝ հարյուրավոր խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաների կիրառումը և նրանց կալանավորումը լուրջ մտահոգություն են առաջացնում։

Ինչպես նշել է Լինքը, հավաքների ազատության մասին ԵԱՀԿ պարտավորությունները ոչ միայն երաշխավորում են խաղաղ հավաքների և ցույցի իրավունքը, այլ նաև պնդում են, որ այս իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է օրենքով սահմանված լինի և համահունչ լինի միջազգային չափանիշներին։

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես հայտարարություն է տարածել Երևանում վերջին իրադարձությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ոստիկանությունն ուժ է կիրառել հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ խաղաղ ցույցը ցրելու համար՝ մտահոգություններ առաջացնելով մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ:

Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին անմիջապես սկսել անկախ և ամբողջական հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք օգտագործված ուժն օրինաչափ էր և համաչափ, և եթե ոչ՝ պատասխանատվության ենթարկել անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու անձանց: Նրանք պետք է հետաքննեն ծեծի, լրագրողների սարքավորումների անօրինական ոչնչացման և ցույցերը լուսաբանող լրագրողների կամայական կալանքի ենթարկելու փաստերը:

Հետաքննությունը պետք է նաև ուսումնասիրի այն հանգամանքները, որոնցում ջրցան մեքենաներ են կիրառվել, օրինակ, թե ինչ նախազգուշացումներ են արվել ցուցարարներին և ինչ հրահանգներ են տրվել ջրի շիթերն ուղղելու վերաբերյալ:

«Եթե անգամ Երևանի ցույցն արտոնված չէր, ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումները»,- ասել է Human Right Watch-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան. «Ցուցարարներին ծեծի ենթարկելու և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատու ոստիկանությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Հայտարարության մեջ նշվում է, որ համաձայն ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ ոստիկանությունը հարձակվել և ձերբակալել է բազմաթիվ լրագրողների և որոշ դեպքերում կոտրել և առգրավել է տեսախցիկները և ջնջել նրանց լուսանկարներն ու տեսանյութերը:

Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը պարտավորեցնում է իշխանություններին հարգել հավաքի ազատության իրավունքը և ձեռնպահ մնալ բոլոր հանգամանքներում ցուցարարների նկատմամբ կոպիտ վերաբերմունքից: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած կառավարությունները կարող են պահանջել, որ ցույցերը նախապես ստանան թույլտվություն, հավաքների ազատության իրավունքը պահանջում է, որ իշխանությունները հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, անգամ եթե դրանք արտոնված չեն։ Իշխանությունները նաև պարտավորություն ունեն արագ, ամբողջական և արդյունավետ հետաքննություններ իրականացնել ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հունիսի 25-ին հայտարարել էր, որ այժմ ծառայողական քննություն է ընթանում ցուցարարներին ցրելու փաստով, և հասարակության համար շատ կարևոր է բացահայտել և պատժել նրանց, ովքեր չարաշահել են ծառայողական դիրքը:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---