#ElectricYerevan. Ցուցարարները գիշերել են Ազատության հրապարակում. Հուլիսի 9-ին բողոքի հանրահավաք կանցկացվի

#ElectricYerevan. Ցուցարարները գիշերել են Ազատության հրապարակում. Հուլիսի 9-ին բողոքի հանրահավաք կանցկացվի

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող շարժման համակարգողները հուլիսի 6-ի երեկոյան հանրահավաք են անցկացրել Երևանի Ազատության հրապարակում, որի արդյունքում որոշել են գիշերել այդտեղ և ծրագրել հետագա քայլերը: Ցուցարարները նաև հայտարարել են, որ հուլիսի 9-ին բողոքի հանրահավաք կանցկացվի Ազատության հրապարակում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բաղրամյան պողոտայում տասն օրից ավելի նստացույց անող քաղաքացիները հուլիսի 6-ին՝ ոստիկանության կողմից հավաքը ցրելուց հետո, տեղափոխվել են Ազատության հրապարակ:

Բացի այդ ցույցը համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել՝ կոչ անելով քաղաքացիներին գալ և միանալ իրենց պայքարին:

«Հացադուլս հանուն Հայաստանի Հանրապետության է, մեր վաղվա օրվա և ի նպաստ մեր պայքարի։ Հացադուլ անելու եմ այստեղ անժամկետ և սպասում եմ, որ Հայաստանի քաղաքացիները կգան և միասին որոշում կկայացնենք, թե ինչ ենք անելու։ Այսինքն՝ իշխանությունների այն քայլը, որ մեզ ուղղակի քաշքշելով Բաղրամյանից տարան, պողոտան ազատեցին ու կարծում են, որ ամեն ինչ հանգիստ ընթանալու է, նրանք չարաչար սխալվում են. պայքարը հիմա նոր փուլ է մտնում, ավելի վճռական փուլ է մտնում», - ասել է Սանասարյանը:

Ոստիկանությունը հուլիսի 6-ին ժամը 12:30-ին, ինչպես հայտարարել էին ավելի վաղ, Բաղրամյան պողոտայից հեռացրել է բարիկադ-աբղամանները, այնուհետև՝ նաև ցուցարարներին՝ բացելով երթևեկելի հատվածը: Պողոտայում երթևեկությունը վերականգնված է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած գործողություն արդյունքում ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս է:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման ենթարկված անչափահաս 6 քաղաքացին անմիջապես ազատ են արձակվել, մյուս 40 ցուցարարը նույնպես արդեն իսկ ազատ են:

«Ոստիկանությունը գործեց գերազանց, ադեկվատ, համաչափ, այլ երկրների ոստիկաններին կարող է օրինակ ծառայել»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ մեկնաբանելով Բաղրամյանից ակտիվիստներին հեռացնելու, երթևեկությունը վերականգնելու գործընթացը: Պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանություն տեղափոխելու ճանապարհին ոստիկանական մեքենաների մեջ բերման ենթարկվող քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել, նա պատասխանել է. «Բռնություն չի եղել: Այդ կերպ ցանկանում են ցեխ շպրտել ոստիկանության վրա»: Օսիպյանը նաև հայտարերել է, որ ոստիկանությունը կանխելու է անօրինական երթերը, գրում է Panorama.am-ը:

Հուլիսի 6-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, որ Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին տեղափոխելիս վատացել է ակտիվիստ Դավիդ Սանասարյանի ինքնազգացողությունը: Նրա խոսքով՝ ավտոմեքենայում ոստիկանության կողմից բռնության գործողությունների հետևանքով:

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---