9 հուլիսի 2015 - 15:33 AMT
Instagram-ում արդեն հնարավոր է բարձրորակ լուսանկարներ տեղադրել

Լուսանկարների և տեսանյութերի փոխանակման Instagram հավելվածը մինչև վերջերս ներբեռնում էր բավականին ցածրորակ լուսանկարներ՝ 640 x 640 պիքսել խտությամբ։ Դա ինքնատիպ հղում է սոցիալական ցանցի ակունքներին․այն ստեղծվել է բացառապես որպես մոբիլ ծառայություն, իսկ այն ժամանակ սմարթֆոնների գերակշիռ մեծամասնությունը դեռ վատ էկրաններ և դիսփլեյների խիստ ցածր թողունակություն ունեին։

Այդուհանդերձ, այսօր շատ արտադրողների ֆլագմանական սմարթֆոններ HD-էկրաններից անցում են կատարել qHD-ի, շարժական ինտերնետը շատ ավելի արագ է, իսկ ինքը՝ Instagram-ը հայտնվել է նաև անհատական համակարգիչներում։ Սոցիալական ցանցը պետք է փոխվի՝ ժամանակակից իրողություններից հետ չընկնելու համար։ Այդ իսկ պատճառով Instagram-ը սկսել է անցում 1080p որակի։ Մոտ ժամանակներս պլանշետների և սմարթֆոնների, ինչպես նաև դեսքթոփային տարբերակի բոլոր օգտատերերը կկարողանան ներբեռնել և տեսնել բարձր խտությամբ լուսանկարներ։

Instagram-ը աստիճանաբար է կիրառում նորույթը, սակայն նոր լուսանկարները արդեն կարելի է բարձր որակով ներբեռնել։ Անհրաժեշտ է նշել, որ բոլոր պատկերները միևնույն է քառակուսի են մնալու։

«Ներկայումս մենք փոփոխություններ ենք իրականացնում հավելվածի Android և iOS տարբերակներում։ Մեր մոբիլ հավելվածի օգտատերերի մեծ մասն արդեն կարող է լուսանկարները տեսնել բարձր որակով։ Ինչ վերաբերում է դեսքթոփային տարբերակին, ապա ներկայումս այն երկրորդական է․բոլոր ջանքերը կենտրոնացած են մոբիլ տարբերակի վրա»,- տեղեկացրել է սոցիալական ցանցի ներկայացուցիչը։

Instagram-ը սոցիալական ցանցի էլեմենտներով անվճար հավելված է լուսանկարների և տեսանյութերի փոխանակման համար։ Այն թույլ է տալիս լուսա և տեսանկարահանել, օգտագործել տարբեր ֆիլտրեր, ինչպես նաև տարածել դրանք սեփական ծառայության կամ մի շարք այլ սոցիալական ցանցերի միջոցով։ Instagram-ի լուսանկարները քառակուսի են, ինչպես Polaroid, Kodak Instamatic ակնթարթային լուսանկարչության և 6×6 միջին ֆորմատի ֆոտոխցիկների դեպքում։

2012թ․ապրիլին Instagram-ը գնվել է Facebook ընկերության կողմից։ Արժեքը կազմել է 300 մլն դոլար գումարային միջոցներով և ընկերության 23 մլն բաժնետոմս, ինչն ընդհանուր առմամբ կազմել է 1 մլրդ դոլար։