ՅՈւՆԵՍԿՕ-ի Երևանյան հռչակագիրը դատապարտում է մշակութային վանդալիզմը

ՅՈւՆԵՍԿՕ-ի Երևանյան հռչակագիրը դատապարտում է մշակութային վանդալիզմը

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» խորագիրը կրող ամփոփիչ նիստին ընդունվեց Երևանյան հռչակագիրը, ըստ որի՝ խստորեն դատապարտվել է մշակութային վանդալիզմը, որը վերջին շրջանում աննախադեպ չափերի է հասել: Հռչակագրով հաստատվել է, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի մշակութային արժեքներ ստեղծելու և ներդաշնակ ապրելու, կոչ է արվել պահպանել մշակութային բազմազանությունը, հայտնում է Tert.am-ը:

Ամփոփիչ նիստին, մշակույթի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը շեշտել է, թե մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններն այլ կերպ անհնար է ներկայացնել, քան մշակութային ցեղասպանություն: «Որովհետև ժողովրդի ոչ միայն ֆիզիկական, այլ մշակութային ոչնչացումն է, որը կարող է վերացնել ժողովրդի հետքը մարդկության պատմությունից»,- ասել է նա և հավելել, որ մշակութային և կրոնական ժառանգության հետևողական և շարունակական ոչնչացումը, պետք է դատապարտեն նույն վճռականությամբ, ինչ մարդկությանը:

«Մշակույթը անհերքելի դերակատարում ունի կայուն զարգացման գործում, որի հրամայականն այսօր առավել քան արդիական է: Այս պարզ գիտակցումը աշխարհում կբերի կայունություն և խաղաղություն»,- ասա նա:

Փոխնախարարը նշել է, որ եռօրյա կոնֆերանսի կարևոր ուղերձն էր ժողովուրդների միջև երկխոսության և փոխըմբռնման ուղեկցման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը և ոչ թե ժողովուրդների միջև արհեստական անջրպետներ առաջացնելը:

«Մշակութային բազմազանության պահպանումը նույնքան անհրաժեշտ է հաջորդ սերունդների համար որքան կենսաբազմազանության պահպանման համար»,- ասել է նա:

ՀՀ փոխնախարարը հիշեցրել է, որ Ջուղայում հազարավոր հայկական խաչքարերի ոչնչացումը միջազգային հանրության կողմից մնաց անպատիժ՝ պարարտ հող ստեղծելով Սիրիայում և Իրաքում մշակութային հսկայական ժառանգության ոչնչացման համար: «Այն, ինչ տեսնում ենք այսօր՝ աննախադեպ է իր չափերով: Այսօր մշակութային արժեքներ միտումնավոր ոչնչացումը դարձել է ռազմավարական մարտավարության ձև»,- ասել է նա և հավելել, թե նման սպառնալիքի համար պետք է միջազգային ջանքերի միավորում ապահովել:

«Հուսով եմ, որ ընդունված հռչակագիրն իր լուման կունենա, ամփոփած սկզբունքները գործնական կիրառում կգտնեն, համամարդկային մշակութային ժառանգության պահպանման համար»,- ասել է նա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերեզ դե Արմենիան շեշտել է, թե մշակութային բազմազանությունը պետք է ընդունվի քաղաքականության մեջ և հավելել, թե Հայաստանը կարող է լինել առաջնորդ այս օրինակով, թե ինչպես է մշակույթը ներառվում կայուն զարգացման օրակարգում: «Անհրաժեշտ է կոչ անել միջազգային հանրությանը համագործակցության ուղղությամբ, հակամարտության գոտիներում վերջ դրվի մշակութային արժեքների ոչնչացմանը»,- ասել նա:

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վստահեցրել է, որ հետագայում հավատարիմ են մնալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային և շարունակելու են համագործակցությունը: «Եվրոպական Միության ծրագրերը, շատ կայուն և դինամիկ ներդաշնակ ձևով ինտեգրվում են մեր գաղափարախոսության հետ: Վերահաստատում ենք մեր աջակցությունը մշակութային բազմազանությանը որպես մարդկության քաղաքակրթության անբաժանելի մաս և մեր կողմից ապահովելու ենք բոլոր երաշխիքները»,- ասել է նա:

Նախարարը նշել է, թե ողջունում են այն մոտեցումը, որ պետք է միավորվեն՝ հանուն մշակութային ժառանգության պահպանությանը և ընդդեմ մշակութային ցեղասպանությաը:

Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:

Հուլիսի 11-ին Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը հայտնել էր, որ Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ին է ներկայացրել քոչարի պարը՝ կառույցի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում այն ներառելու համար: «Քննարկումը և հնարավոր հաստատումը նախատեսված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը նախատեսված նիստում», - ասել է Կաժոյանը: ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի ներկայացրած չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական միջնադարյան հռչակավոր մայրաքաղաք Անին, որը 2012-ից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում, 2016-ին կարող է ներառվել նաև կառույցի մշակութային ժառանգության մշտական ցանկում: Հայկական մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար։ 1987-ի Եվրոպական խորհրդարանի բանաձևի 6-րդ կետում ասված Է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը, Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակույթին, կրթական համակարգին։ Եվրոխորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---