Բաքվի «սև ցուցակը» թարմանում է. Հերթն Արցախ այցելած ռուս լրագրողներինն է

Բաքվի «սև ցուցակը» թարմանում է. Հերթն Արցախ այցելած ռուս լրագրողներինն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզում է այն ռուսաստանցի լրագրողների անունները, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու վերջերս այնտեղ հաստատված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի մամուլի ասուլիսին, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: «Չի բացառվում, որ այդ լրագրողների անունները կընդգրկվեն ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Ըստ նրա, երկրի ԱԳՆ-ն աշխատում է պարզել այն լրագրողների անձն ու այն պարբերականները, որոնք իրենց աշխատակիցներին գործուղել են մամուլի ասուլիսի: «Այժմ ԱԳՆ-ն ուսումնասիրում է, թե որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են այցելել Լեռնային Ղարաբաղ: Որոշումը կընդունվի հետաքննության արդյունքում»,-ասել է Գաջիևը:

Բոլորովին վերջերս, տառացիորեն մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ զավեշտալի այդ ցուցակը համալրեց համաշխարհային օպերային արվեստի աստղ Լյուբով Կազարնովսկայան: Անցած շաբաթ երգչուհին վարպետության դասեր է անցկացրել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ու երգչախմբի հետ լսումներ կազմակերպել:

«Լյուբով Կազարնովսկայան, խախտել է «Ադրբեջանի պետական սահմանի մասին» օրենքը, նրա անունը կընդգրկվի Ադրբեջանում ոչ ցանկալի անձանց ցանկում»,- ասել է Գադջիևը: Երգչուհին ի պատասխան նշել է, որ Ղարաբաղում ձգտում են խաղաղության և հարգում են մշակույթը՝ հավելելով, որ ավելի մեծ հիմարություն, քան իր անունը «սև ցուցակում» ընդգրկելն էր, հնարավոր չէր մտածել։

«Ես գնացել եմ Լեռնային Ղարաբաղ մշակութային առաքելությամբ։ Այնտեղ մարդիկ չեն ցանկանում ոչ մի պատերազմ, նրանք ցանկանում են խաղաղություն, ցանկանում են երեխա ծնել, ցանկանում են, որ հնչի երաժշտությունը։ Դուք չեք կարող պատկերացնել՝ որքան սեր, ուրախություն ենք մենք այնտեղ ստացել։ Մարդիկ գոռում էին՝ շնորհակալություն երաժշտության համար», - ասել է Կազարնովսկայան:

Նրա խոսքով՝ երջանիկ է, որ Մոնսերատ Կաբալյեի հետ միասին հայտնվել է Ադբեջանի «սև ցուցակում»։

2013 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---