Էներգետիկայի ծրագիրը կբացառի ՀԷՑ-ում վնասները. Էլէներգիայի սակագնի փոխհատուցման աղբյուրը շուտով հայտնի կդառնա

Էներգետիկայի ծրագիրը կբացառի ՀԷՑ-ում վնասները. Էլէներգիայի սակագնի փոխհատուցման աղբյուրը շուտով հայտնի կդառնա

PanARMENIAN.Net - Արդեն իսկ մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի էլէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխողի էլցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը 2015-ի օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում է, բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ֆինանսական վնասները: Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036-ը) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին:

Այն մշակվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ամերիկյան փորձագետների, նախարարության և էներգետիկայի ինստիտուտների մասնագետների մասնակցությամբ: Ծրագրի արդյունքները հիմնված են ամբողջ էներգահամակարգի օպտիմիզացիոն հաշվարկների վրա, հաշվի առած բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված, փայտ, ածուխ և այլն), արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, բնակչություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) տեխնոլոգիաները:

Զախարյանի խոսքով՝ կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումներին: Մշակվել են նաև էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարվա ընթացքում` նախնական գնահատմամբ կբերի բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը` 1,5-2%-ով:

«Այս ծրագրերի իրականացմամբ կունենանք անվտանգ, հուսալի և կայուն էներգետիկ համակարգ, անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրություն ներքին շուկայի և արտահանման համար, կայուն ֆինանսական վիճակ, կանխատեսելի սակագներ և կորուստների կրճատում, սպառողներին մատարակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացում, ինչը կխթանի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը և բիզնեսի զարգացմանը», - ասել է նախարարը:

Նա նաև ներկայացրել է էներգետիկայի զարգացման ռազմավարական ուղղություններով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ատոմային էներգետիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության, ինչպես նաև տարածաշրջանային գործակցություն մասով:

«Այսքանով հանդերձ՝ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ շարունակում ենք աշխատանքները: Մենք պատրաստ ենք լսել ձեր կարծիքները և առաջարկները, ստանալ այն հաջող արդյունքը, որը թույլ կտա ունենալ կայուն և հուսալի էներգահամակարգ»,- նշել է Զախարյանը:

Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած ամբողջ բեռը ՀՀ կառավարության կողմից փոխհատուցելու խնդրին՝ տեղեկացնելով, որ երկու օրից հայտնի կլինի, թե ինչ միջոցներով են այն փոխհատուցելու:

«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը հայտնի կդառնա», - ասել է Զախարյանը:

Ըստ նախարարի՝ որպես փոխհատուցման աղբյուրի տարբերակ դիտարկվում է նաև «Որոտան»-ի վաճառքից ստացված միջոցները:

Ինչ վերաբերում է ՀԵՑ-ում անցկացվելիք աուդիտին, Զախարյանը նշել է, որ հայկական և ռուսական կողմերը մոտակա 2-3 օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնեն, թե ինչ պայմաններով, ինչ տեխնիկական խնդիրներով աուդիտ պետք է իրականացվի ՀԷՑ-ում:

«Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ի՞նչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջև՝ սակագնի հիմնավորվածությունը, և եթե սակագները չբարձրացվեն, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը: Բացի այդ, ՀԷՑ-ում նաև ընդհանուր ֆինանսական հարցերով աուդիտ կիրականացվի: Այս հարցերն են ընդգրկվելու ընդհանուր տեխնիկական առաջադրանքի մեջ»,- պարզաբանել է Զախարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

«Ինտեր ՌԱՕ»-ն և ՀՀ կառավարությունը տենդերի արդյունքով կընտրեն ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը, որն անկախ աուդիտ կանցկացնի: Աուդիտը կարող է տևել մոտավորապես 3 ամիս։ Հետագայում ընկերությունը չի բացառում ակտիվի վաճառքը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---