Փաշինյանի նոր առաջարկը. Հին մեքենաներով երթևեկությունը խախտողներին տուգանել կիսով չափ

Փաշինյանի նոր առաջարկը. Հին մեքենաներով երթևեկությունը խախտողներին տուգանել կիսով չափ

PanARMENIAN.Net - ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ին Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ նախագծի՝ եթե արագաչափերով արձանագրված խախտումը կատարվել է 15 տարի և ավելի հնության մեքենայով, առնվազն 10 տարվա և 250-ից 350 ձիաուժ շարժիչով մեքենայով, առնվազն 5 տարվա և 120-ից 250 ձիաուժ շարժիչով մեքենայով, մինչև 120 ձիաուժ հզորությամբ ցանկացած տարիքի մեքենայով, բեռնատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով, այդ դեպքերում նշանակվում է տուգանք Վարչական օրենսգրքով սահմանված տուգանքի կեսի չափով:

«Ընդգծեմ, որ դա վերաբերվում է միայն արագաչափերով և երթևեկությանը հետևող տեսախցիկներով ֆիքսվող խախտումներին և տարածվում է միայն վերը նկարագրված կատեգորիայի մեքենաների վրա: Այսինքն՝ այս փոփոխությունը չի տարածվում «կենդանի» արձանագրված խախտումների վրա, չի տարածվում նաև այն դեպքերի վրա, երբ արագաչափերով և տեսախցիկներով արձանագրված խախտումներն իրականացվում են ճոխ և համեմատաբար ճոխ մեքենաներով », - պարզաբանել է Փաշինյանը:

Պատգամավորը նշում է, թե հասկանում է, որ հարց է ծագելու. ի՞նչ կապ ունի՝ ինչ մեքենայով է արվել խախտումը: Խախտումը խախտում է և կապ չունի, թե ինչ մեքենայով է դա արվել: Այս տեսակետը իհարկե, արդարացի է, եթե խնդրին մոտենանք երթևեկության անվտանգության տեսակետից: Բայց հենց դա է խնդիրը. կարծում եմ բավարար հիմքեր կան ապացուցված համարելու, որ երթևեկությանը հետևող տեսախցիկները և արագաչափերը ոչ մի կապ չունեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ: Որքան շատանում են արագաչափերն ու տեսախցիկները, այնքան շատանում են խախտումները, այսինքն՝ կարգազանց վարորդների թիվը, և ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը ոչ միայն չի պակասում, այլև ավելանում է:

«Սա նշանակում է, որ այդ սարքերը տեղադրվել են ոչ թե երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, այլ որպես ֆիսկալ գործիք, որպես դրամահավաքության մեքենա: Եվ ուրեմն, ներկայիս ծանր սոցիալական պայմաններում՝ միջին խավի և սոցիալապես պակաս ապահով կամ ոչ ապահով խավի համար այդ գործիքը գոնե պետք է գործի կիսով չափ: Առայժմ առավել արմատական պնդում չեմ անում, որովհետև ակնկալիքս ոչ թե քաղաքական հայտարարություն անելն է, այլ այն, որ նախագիծը, կամ դրա լրամշակված տարբերակը (ընդունելի տարբերակ կարող է համարվել, օրինակ, եթե 50%-ոց «զեղչը» կիրառվի համատարած բոլորի վրա) իսկապես ընդունվի», - ասել է Փաշինյանը, մեջբերում է Armtimes.com-ը:

Ընդ որում, պատգամավորը շեշտել է, որ այս նախագիծը ամենևին չի նշանակում, թե այսպիսով համակերպվում են արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների գործունեության այսօրվա բովանդակության հետ: Առաջարկվող նախագիծը դիտարկվում է որպես միջանկյալ քայլ՝ երթևեկությանը հետևող տեանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործարկման հետագա նպատակահարմարության, կամ դրանց գործունեությունը ճանապարհային երթևեկության կարգապահության և անվտանգության տեսակետից արդյունավետ դարձնելու հարցերի քննարկումից առաջ:

2014-ի հուլիսի 26-ից ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Ըստ օրենքի՝ երթևեկության սահմանված արագությունը 1-20 կմ/ժ-ով գերազանցելու դեպքումյուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով: Օրինակ, ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ դուք երթևեկել եք 73 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի`73-10 (արագաչափ սարքի հնարավոր սխալ) = 63-60 (թույլատրելի առավելագույն արագություն) = 3 * 1000 = 3000 դրամ: Երթևեկության սահմանված արագությունը 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում կկիրառվի հաստատուն 30.000 դրամ տուգանք:

2014-ի ապրիլի սկզբին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մասնավորապես, առաջարկվում էր սահմանված առավելագույն արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3.000 դրամ՝ գործող 10.000 դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում և դրա համար տուգանք սահմանել 6.000 դրամը:

Նախագծով առաջարկվել էր տուգանքները թեթևացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»: Առաջարկվում էր նաև վերացնել չվճարված տուգանքների եռապատկման և հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---