Թուրքիայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց են հրկիզել. Դատախազություն դիմում է ներկայացվել

Թուրքիայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց են հրկիզել.  Դատախազություն դիմում է ներկայացվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող հայկական Սբ Պետրոս Առաքյալի վանքն ու հարակից հայկական գերեզմանոցը հրկիզվել են անհայտ անձանց կողմից: Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը հրդեհի առիթով Սասունի տարածքային դատախազություն հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել:

Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ Պետրոս վանական համալիրը, որ հարակից գյուղացիների կողմից որպես ախոռ էր օգտագործվում, պետական գրանցում էր ստացել: Արևմտյան Հայաստանի մի շարք տարածաշրջաններում գտնվող եկեղեցիների, գրանցման ու վերականգնման համար պայքարում է Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը:

Միության նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով այրվել են հայ հոգևորականների ոսկորները, որոնք ավելի վաղ գերեզմանափոսերից դուրս էին թափել գանձ որոնողները, Demokrathaber.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նա նաև հայտնել է, որ թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումները չեն եկել դեպքի վայր:

«Նույն օրը տեղեկացրել ենք Բաթմանի ժանդարմերիայի հրամանատարությանը: Ասացին, որ հրշեջներ կուղարկեն: Սակայն հրշեջ մեքենան չի կարող բարձրանալ Մեշելի գյուղ, քանի որ եկեղեցի տանող ճանապարհը դեռ բաց չէ: Պետք է շնորհակալություն հայտնենք հրդեհը մարելուն օգնած Մեշելի գյուղի բնակիչներին»,- ասել է Դաղջըն:

2015-ի ապրիլի տեղեկություններով, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայերից մնացած հին գերեզմանատունն ավերում են գանձ որոնողները: Գերեզմանները նրանց կողմից պղծվել են:

2008-ին վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Էդիրնեգաբուի հայկական գերեզմանատանը՝ անհայտ անձինք ջարդել են մի դամբանաքար և տապալել 8 գերեզմանաքար: Նույնանման դեպք Էդիրնեգաբուի գերեզմանատանը տեղի էր ունեցել 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ անհայտ անձինք ջարդել էին 12 դամբանաքար:

2012-ին հայտնի դարձավ Էրուհ շրջանում ավտոճանապարհի շինարարության ժամանակ հայկական գերեզմանատունը քանդելու և մարդկային ոսկորները հողի վրա թողնելու դեպքի մասին։

2014-ի հուլիսին «Ակոս»-ը գրեց, որ Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար:

Տեղեկություններ են տարածվել նաև թուրքական Թունջելի շրջանի Մազկերտ թաղամասի հայկական գերեզմանատանը փոսեր փորելու մասին:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցի սեփականության իրավունքը 2015-ի փետրվարին վերադարձրել է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---