Բուլղարիան զրահատեխնիկա է կուտակում Մակեդոնիայի հետ սահմանին` ներգաղթյալներից «պաշտպանվելու» համար

Բուլղարիան զրահատեխնիկա է կուտակում Մակեդոնիայի հետ սահմանին` ներգաղթյալներից «պաշտպանվելու» համար

PanARMENIAN.Net - Բուլղարիան զրահատեխնիկա է տեղակայում Մակեդոնիայի հետ 4 անցակետում ապօրինի ներգաղթյալների մեծ ներհոսքի պատճառով: Այդ մասին հայտարարել է երկրի ՊՆ ներկայացուցիչ Նիկոլա Կարաիմովը:

Օգոստոսի 20-ին Մակեդոնիայի կառավարությունն արտակարգ իրավիճակ հայտարարեց Հունաստանի հետ սահմանին և լիացուցիչ զինվորական ստորաբաժանումներ տեղակայեց այնտեղ` կանխելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր:

«Այս փուլում մենք պատրաստվում ենք միայն կանխարգելիչ միջոցների` ուժեղացնում ենք հսկողությունը պետական սահմանին»,-մեջբերում է նրան France-Presse գործակալությունը: Ըստ Կարաիմովի, ընդհանուր առմամբ անցակետեր է ուղարկվել 25 զրահամեքենա, սակայն դրանց քանակը կարող է «ավելանալ, եթե իրավիճակը վատթարանա»: Միևնույն ժամանակ, ինչպես ասել է Կարաիմովը, բանակը դեռ մտադիր չէ ակտիվորեն միջամտել իրավիճակին և սահմանների հսկողությունը նախկինի պես սահմանապահ ծառայության իրավասությունն է:

Տարեսկզբից Բուլղարիան արդեն ընդունել է մոտ 15 հազար ապօրինի ներգաղթյալ, թեև վերջինների համար ավելի գերադասելի է Սերբիան, որտեղից նրանք կարող են Հունգարիա գնալ, որն ի տարբերություն իր բալկան հարևանների, գրանցում է նորեկներին, նաև մատնահետքերը, և փաստացի առաջին վայրն է դառնում, որտեղ գրանցում են ԵՄ ապօրինի ներգաղթյալներին: Արդյունքում այլ երկրների իրավապահ մարմինները, ուր ավելի ուշ տեղափոխվում են միգրանտները, վերադարձնում են նրանց հենց Հունգարիա:

Ավելի վաղ Հունգարիայի կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ Բուդապեշտը կասեցնում է այսպես կոչված «Դուբլին III»-ի արձանագրության կատարումը, որը թույլ է տալիս Եվրամիության երկրներին արտաքսել ապօրինի ներգաղթյալին միության այն պետություն, ուր նա սկզբից է մուտք գործել:

Հունգարիայի իշխանությունները հայտարարել են նաև, որ մտադիր են պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին` կասեցնելու համար ապօրինի միգրանտների հոսքը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ կառավարությունը հանձնարարել է ՆԳՆ-ին նախապատրաստվել 4-մետրանոց պատի կառուցմանը Սերբիայի հետ 175-կիլոմետրանոց սահմանին:

Ինչ վերաբերում է Բուլղարիային, որտեղ գրանցումը նույնպես պարտադիր է, ապօրինի ներգաղթյալներն արտաքսման դեպքում ստիպված են լինելու ավելի երկար ու բարդ ճանապարհ անցնել, կրկին հայտնվելու համար, օրինակ, Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին կոչ արեց Եվրամիության բոլոր երկրներին շտապ մասնակցել վերջին շրջանում կտրուկ սրված ներգաղթյալների խնդրի լուծմանը: «Պետք է հասկանալ, որ եթե այսօր արտակարգ իրավիճակ է Հունաստանում կամ Իտալիայում, կամ էլ Սերբիայում, ապա վաղը այն կարող է վերաբերել Լեհաստանին կամ մեկ այլ երկրի»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարեց, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը:

Ըստ ԵՄ «Տրիտոն» գործողության ղեկավարի հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հուլիսին ԵՄ տարածք է մուտք գործել 340 հազար ներգաղթյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար: Միգրանտների ամենամեծ հոսքն ընդունում են Իտալիան, ուր ժամանում է ներգաղթյալների գրեթե մեկ երրորդն, ու Հունաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---