Սահմանադրության նոր նախագիծը՝ ԱԺ-ում. Հանրայինը նիստերի ուղիղ հեռարձակում կապահովի

Սահմանադրության նոր նախագիծը՝ ԱԺ-ում. Հանրայինը նիստերի ուղիղ հեռարձակում կապահովի

PanARMENIAN.Net - Խորհրդարանական համակարգում պատահական անձանց իշխանության գալու վտանգը զգալիորեն մեղմվում է, քանի որ նման համակարգում միմյանց հետ մրցակցում են քաղաքական ուժերը՝ քաղաքական թիմերով, ի տարբերություն կիսանախագահական համակարգի, որտեղ, այսպես կոչված, «աութսայդերների» առկայությունը հնարավոր չէ բացառել: Այս մասին սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Նախագահի ներկայացուցիչը նկատել է, որ պառլամենտական կառավարման համակարգում չի կարող լինել իշխանության երկկենտրոնացում վարչապետի ձեռքում, ով չի ունենա քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև, գրում է Panorama.am-ը:

«Կիսանախագահական համակարգում հանրապետության նախագահին կարելի է պաշտոնանկ անել միայն քրեական հանցագործությունների համար, քաղաքական պատասխանատվության նրան չի կարելի ենթարկել: Քաղաքական պատասխանատվության նախագահը կարող է կանչվել միայն իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո, եթե նա որոշի, որ նորից ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրությունները, պառլամենտն իրավունք չունի քաղաքական դրդապատճառներով անվստահություն հայտնել նախագահին: Ի տարբերություն սրա, պառլամենտական կառավարման համակարգի էությունը կայանում է նրանում, որ ցանկացած կառավարություն կարող է գոյատևել և արդյունավետ աշխատել միայն պառլամենտական մեծամասնության վստահությունը վայելելու պայմաններում: Եթե այդ վստահությունը այլևս չկա, ապա խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը և փոխարինել այն մեկ այլ կառավարությամբ», - պարզաբանել է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ պառլամենտական կառավարման ձևի կարևորագույն առավելություններից մեկը կայանում է նրանում, որ կառավարումը ավելի կոլեգիալ է քան նախագահական ու կիսանախագահական համակարգերում:

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Ըստ Պողոսյանի՝ 1995-ին հաստատված ՀՀ Սահմանադրությամբ երկրի իշխանության բոլոր ճյուղերում գերակա է եղել հանրապետության Նախագահը, որը հիմնովին փոփոխման է ենթարկվում:

«Անկախության ձեռքբերումից տարիներ անց մենք, ցավոք, չենք կարող ասել, որ ժողովրդավարությունը հաստատման հիմքերի վրա է, չենք կարող ասել, որ դատարաններն անկախ ու անաչառ են: Երկրում կայուն ժողովրդավարական կարգի հաստատումը, իրավունքի գերակայության հաստատումը լինում է, երբ որ իշխանությունները սահմանափակվում են մարդու հիմնարար իրավունքներով», - ասել է Պողոսյանը, մեջբերում է Tert.am-ը:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի գնահատականին նա նշել է, որ հանձնաժողովն ընդգծում է ՀՀ քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների բաց և շարունակական երկխոսությունը, որպեսզի այս փոփոխություններն ընդունվեն խորհրդարանի կողմից, հետագայում հանրաքվեի միջոցով, ինչը հետագա կարևոր քայլ կհանդիսանա Հայաստանի դեպի ժողովրդավարություն անցման համար:

«Չնայած նման բարձր գնահատականին, ցանկանում եմ ընդգծել, որ ո՛չ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, և ո՛չ էլ նախագահը այդ գնահատականը չեն դիտարկում որպես դոգմա և պատրաստ են քննարկել և էլ ավելի կատարելագործել Սահմանադրության նախագիծը», - շեշտել է Պողոսյանը:

Նա անդրադարձել է նաև նախագծի հիմնական դրույթներին և նշել, որ դրանք ամբողջովին չեն վերանայում գործող Սահմանադրության տրամաբանությունը:

Նիստին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերությունը հանձն է առել ԱԺ նիստերին ուղիղ հեռարձակում ապահովելը, որի ընթացքում քննարկվում է նախագահի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Նա նկատել է, որ մինչ այդ ինքը չուներ նման լիազորություն, և ԱԺ կանոնակարգ օրենքը դա թույլ չէր տալիս:

ՀԱԿ խմբակցության պատգամավորները Հանրային հեռուստաընկերությամբ ուղղիղ հեռարձակում էին պահանջել, քանի որ ԱԺ այս քառօրյայի հիմնական հարցը սահմանադրության նախագիծն է:

Նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կուսակցության տարածքային կառույցներում և խմբակցությունում սկսել են Սահմանադրության նախագծի բովանդակային քննարկումները: «ԲՀԿ-ի վերջնական դիրքորոշումը կախված կլինի, թե մեր բազմաթիվ առաջարկներից որքանը հանձնաժողովի համար ընդունելի կլինեն», - ասել է նա՝ ընդգծելով, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ իրենք հանդիպել են և «կոնցեպտուալ հարցերի» վերաբերյալ քննարկում ունեցել:

Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը: 16 էջից բաղկացած փաստաթղթում Հանձնաժողովի փորձագետները շարադրել են իրենց փորձաքննության արդյունքները սահմանադրական փոփոխությունների նախագծի 8, 9, 11 և 16-րդ գլուխների վերաբերյալ: «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը բարձրորակ է և աջակցության ու ողջույնի է արժանի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության ու բեղմնավոր փոխանակման մթնոլորտը նախկինի պես շարունակվել է և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ մշակել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին», - նշվում է Հանձնաժողովի հրապարակված փաստաթղթում:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն):Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---